Մատչելիության հղումներ

logo-print
Երեկ Սանտյագոյում 91 տարեկան հասակում մահացել է Չիլիի նախկին բռնակալ, գեներալ Աուգուստո Պինոչետը: Մի քանի օր առաջ նա սրտի կաթված էր ստացել ու տեղափոխվել հիվանդանոց:

Աուգուստո Պինոչետը համարվում է Հարավային Ամերիկայի եւ համաշխարհային պատմության ամենահակասական քաղաքական գործիչներից մեկը: Նրան անվանել են «անգութ դիկտատոր», որը ռազմական հեղաշրջման ճանապարհով զավթել է իշխանությունը եւ դաժանորեն հալածել սեփական ժողովրդին:

Նրա բռնակալության տարիներին՝ 1973-1990 թվականներին, Չիլիում ոտնահարվել են մարդու տարրական իրավունքները, տասնյակ հազարավոր մարդիկ կտտանքների են ենթարկվել, դիկտատուրայի զոհ է դարձել առնվազն 3 հազար մարդ, շուրջ 200 հազար չիլիացիներ փախուստի են դիմել եւ ապաստանել են արտասահմանում: Հեղաշրջման առաջին շրջանում Սանտյագոյի ֆուտբոլի մարզադաշտը վերածվել էր իսկական համակենտրոնացման ճամբարի, որի տարածքում պահում էին ձերբակալված տասնյակ հազարավոր քաղաքացիների:

Հիմա Չիլիում մեծ թվով մարդիկ երգ ու պարով եւ հրավառություններով տոնում են գեներալի մահը, սակայն շատ մեծ է նաեւ այն մարդկանց թիվը, որոնց համար Պինոչետը «փրկիչ էր, ազգի նվիրյալ զավակ ու մեծ հայրենասեր»: Նրանք ասում են, որ Աուգուստո Պինոչետը «փրկել է Չիլին կոմունիզմի ժանտախտից»: Երեկ եւ այսօր մայրաքաղաքում եւ այլ քաղաքներում տեղի են ունեցել խոշոր ընդհարումներ Պինոչետի աջակիցների եւ հակառակորդների միջեւ:

Գեներալը 1973 թվականին Ամերիկայի Միացյալ Նահանգների աջակցությամբ ծրագրել էր հեղաշրջում, որն իրագործել էր սեպտեմբերի 11-ին: Չիլիի նախագահի նստավայրը գրավելու գործողության ընթացքում մարքսիստ-նախագահ Սալվադոր Ալյենդեն զոհվել էր, որոշ տեղեկությունների համաձայն՝ անձնասպան էր եղել:

Այսօր Ալյենդեի դուստրը ափսոսանք է հայտնել այն կապակցությամբ, որ Պինոչետն այդպես էլ դատական պատասխանատվության չի ենթարկվել: «Ինձ ցավ է պատճառում, որ Պինոչետը խաղաղության մեջ է կնքել իր մահկանացուն, բայց գործերը կարճված չեն, դատական ընթացքը պետք է շարունակվի: Ես համոզված եմ, որ նա ոչ մի պարագայում արժանի չէ պետական մակարդակով հուղարկավորության, նա դիկտատոր էր, ժողովուրդը նրան չէր ընտրել», - ասել է Իզաբել Ալյենդեն:

1988 թվականին Չիլիում տեղի էր ունեցել հանրաքվե, որը Պինոչետը տանուլ էր տվել եւ 1990-ին զիջել էր իշխանությունը, սակայն մնացել էր գլխավոր հրամանատար եւ ցմահ կարգավիճակով սենատոր:

Պինոչետին բազմիցս փորձել են դատական պատասխանատվության կանչել, սակայն՝ ապարդյուն: 1998 թվականին նա՝ իսպանացի դատավորի ստորագրած կալանքի միջազգային թույլտվության հիման վրա, Մեծ Բրիտանիայում բուժվելիս տնային կալանքի էր ենթարկվել, բայց ի վերջո 2000-ին վերադարձել էր հայրենիք: Այս տարվա նոյեմբերի 25-ին ծննդյան 91-ամյակի օրը Աուգուստո Պինոչետը հրապարակել էր հայտարարություն, որով քաղաքական պատասխանատվություն էր ստանձնել իր իշխանության օրոք տեղի ունեցած իրադարձությունների համար եւ միաժամանակ ընդգծել էր, որ իր «բոլոր քայլերի նպատակն էր փրկել երկիրը»:

Պինոչետի հուղարկավորությունը տեղի կունենա դեկտեմբերի 12-ին: Եկեղեցում կմատուցվի պատարագ, որին ներկա կլինի Չիլիի պաշտպանության նախարար Վիվիան Բլանլոտը: Գեներալին հուղարկավորելու են զինվորական պատիվներով, սակայն կառավարությունը հայտնել է, որ «պետական մակարդակով հուղարկավորություն չի լինի»:

Նախագահ Միշել Բաշելեն արարողություններին ներկա չի լինի: Սոցիալիստ Բաշելեի ընտանիքը Պինոչետի բռնակալության օրոք հալածանքների էր ենթարկվել, ներկայիս նախագահի հայրը կտտանքներից մահացել էր:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG