Մատչելիության հղումներ

Մերձդնեստրում այսօր կամփոփվեն նախագահական ընտրությունների արդյունքները


Մերձդնեստրի կենտրոնական ընտրական հանձնաժողովը այսօր կամփոփի չճանաչված հանրապետությունում կիրակի օրը անցկացված նախագահական ընտրությունների արդյունքները: Exit poll-ի արդյունքներով, որոնք քվեարկության ավարտից հետո հրապարակել է վերլուծական հետազոտությունների «Նոր դար» անկախ կենտրոնը, Մերձդնեստրի նախագահ է վերընտրվել Իգոր Սմիրնովը, որին ձայն է տվել քվեարկության մասնակիցների 63,34 տոկոսը:

Սմիրնովի մրցակիցների՝ Անդրեյ Սաֆոնովի, Նադեժդա Բոնդարենկոյի եւ Պյոտր Տոմայլիի օգտին քվեարկել են ընտրողների համապատասխանաբար 6,51, 8,54 եւ 1,37 տոկոսը:

Մերձդնեստրի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Պյոտր Դենիսենկոն լրագրողներին հայտնել է, որ երեկ տեղամասերը փակելու պահին՝ ժամը 21:00-ին, քվեարկել էր 394 ընտրողների 65,4 տոկոսը:

Ընտրությունները արդեն իսկ կայացած էին ժամը 17:00-ին, երբ քվեարկությանը մասնակցել էր ընտրողների ընդհանուր թվի կեսից ավելին:

Մերձդնեստրի նախագահի լիազորությունների ժամկետը 5 տարի է: Տեղական օրենսդրությունը չի սահմանափակում որպես նախագահ պաշտոնավարման ժամկետները միեւնույն անձի համար:

Ընտրությունների նախօրեին Սմիրնովը լրագրողներին հայտարարել էր, թե իր պաշտոնը կթողնի միայն Մերձդնեստի միջազգային ճանաչումից հետո:

Մոլդովան միջազգային հանրությանը կոչ է արել դատապարտել ընտրությունները Մերձդնեստրում: Քիշնեւում համարում են, որ դրանք անցել են «բացարձակապես ոչ ժողովրդավարական մթնոլորտում»:

ԵԱՀԿ-ն ընտրություններին չի գործուղել իր դիտորդներին՝ դրանով իսկ հարցականի տակ առնելով դրանց օրինականությունը:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության վկայությամբ, Ռուսաստանից, Ուկրաինայից, Ֆրանսիայից, Մոլդովայից, Իտալիայից, Լեհաստանից եւ այլ երկրներից ժամանած դիտորդները դա գնահատել են որպես «երկակի չափանիշների» քաղաքականություն: Նրանք հայտարարել են, որ քվեարկությունը Մերձդնեստրում համապատասխանել է միջազգային չափանիշներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG