Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


(Շաբաթ, 9-ը դեկտեմբերի)

«Դեկտեմբերի 10-֊ից հետո Ադրբեջանն այլեւս չի կարող մատնանշել որեւէ իրավական ակտ՝ օրենքից սկսած մինչեւ իր սահմանադրությունը, որ կարող է խոչընդոտել Լեռնային Ղարաբաղի դե յուրե ճանաչման գւործին, քանի որ Լեռնային Ղարաբաղը սահմանադրություն ընդունելու ճանապարհով իրավական առումով վերջնականապես եւ անդառնալիորեն առանձնանում է Ադրբեջանից», - գրում է «Հայոց Աշխարհ»-ը:

«Չորրորդ իշխանություն»-ը շարադրում է. - «Բարոյական տեսանկյունից Սերժ Սարգսյանը նախագահ դառնալ չի կարող: Սա ապացուցելու համար հեռուն գնալ պետք չէ: Բանն այն է, որ Հայաստանում է տեղի ունեցել 20-֊րդ դարի մեծագույն ահաբեկչություններից մեկը՝ հոկտեմբերի 27-֊ը, եւ այն ժամանակ Հայաստանի ազգային անվտանգության նախարարը եղել է հենց Սերժ Սարգսյանը: Այսինքն, եթե հանկարծ նա դառնա նախագահ, միջազգային հանրության մեջ միշտ կասկածը մնալու է. կամ նա տեղյակ է եղել այդ ահաբեկչության մասին, հետեւաբար՝ հանցագործ է, կամ տեղյակ չի եղել, հետեւաբար՝ պրոֆեսիոնալ առումով որեւէ բանի պիտանի չէ: Էլ չենք խոսում այն մասին, որ նույն կասկածները մնալու են նաեւ մեր հասարակության մեջ: Իսկ այդպիսի բեռով երկիր ղեկավարել հնարավոր չէ»:

«Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը 2005 թվականին հայտարարագիր է ներկայացրել որպես խորհրդարանի փոխնախագահ: Նա ունի ընդամենը 27 քառակուսի մետր մակերեսով մեկ բնակելի շինություն: Սա կարող է լինել, օրինակ, խրուշչովյան նախագծով մեկսենյականոց բնակարան: Հնարավոր է նաեւ, որ համեստ ու հարմարավետ գյուղական խրճիթ է, քանի որ Տիգրան Թորոսյանը նաեւ 400 քառակուսի մետր տնամերձ ունի: Կարծում ենք, Ազգային ժողովի պատգամավորները խոհեմություն կցուցաբերեն եւ Ազգային ժողովի բյուջեից պարոն Թորոսյանին մի որեւէ էլիտար բնակարան կհատկացնեն», - հեգնում է «Հայք»-ը:

«Հանրապետական կուսակցությունը, որն, ինչպես արդեն հայտնի է, սոցհարցումների արդյունքում է աշխատանքից ազատել իր երկու՝ հլուհնազանդ մարզպետներին, շարունակում է իր գաղտնի սոցհարցումները նաեւ մյուս մարզերում», - գրում է «168 ժամ» օրաթերթը` վկայակոչելով մի անանուն հանրապետականի, որն ասում է. ֊- «Եթե սոցհարցումների արդյունքում հանկարծ պարզվի, որ մյուս մարզերի բնակիչներն էլ են դժգոհ իրենց մարզպետներից, ապա չկասկածեք, որ նրանք էլ են մի քանի րոպեում արժանանալու նույն ճակատագրին»: Իսկ պաշտոնազրկված երկու մարզպետների մասին այդ նույն հանրապետականն ասում է. -֊ «Հիմա այդ երկուսը սկսել են լուրեր տարածել, թե իրենց հեռացրել են, որովհետեւ այս կամ այն կուսակցությանն իրենց մարզերում տեղ են տվել: Այ թե դրանք իրականում ովքեր են՝ կանանցից «բեթար» բամբասկոտներ, որոնց եթե հիմա զանգես, ասես՝ Անդրանիկ Մարգարյանը կանչում է իր մոտ վարորդ աշխատելու՝ վազելով կգան, միայն թե իրենց անունը Հանրապետական կուսակցության հետ կապվի»:

«Երբ ծանոթանում ես ընդդիմության խորհրդարանական աշխատանքի խոհանոցին, պարզվում է, որ ոչ լեգիտիմ խորհրդարանի բոլոր առավելություններից ամենից շատ օգտվել է հենց ընդդիմությունն ու հատկապես այն պատգամավորները, որոնք ամենից բարձրն են գոռացել խորհրդարանի ոչ լեգիտիմության մասին», - գրում է «Հայկական ժամանակ»-ը: - «Տարբեր կարգի սեմինարների, վեհաժողովների ու կոնֆերանսների մասնակցելու համար գործուղումների մեկնած պատգամավորական ռեկորդակիր քառյակը բաղկացած է բացառապես ընդդիմության պատգամավորներից: Ընդամենը վերջին մեկուկես տարվա արդյունքներով, գործուղումների ռեկորդակիր են ահավոր ընդդիմադիր «Ազգային միաբանության» երկու պատգամավորները՝ Կորյուն Առաքելյանը եւ Ալեքսան Կարապետյանը: Այս երկուսից շատ քիչ են հետ մնում նույն խմբակցության պատգամավորներ Աղասի Արշակյանը եւ Գագիկ Կոստանդյանը: Ռեկորդակիրների այս քառյակին, չնչին տարբերությամբ, զիջում են «Արդարություն» խմբակցության պատգամավորներ Ստեփան Զաքարյանը եւ Շավարշ Քոչարյանը»:

«Մոսկվաբնակ մեր հարուստ հայրենակիցների փողի քանակը հաճախ հակառակ համեմատական է նրանց ինտելեկտին եւ կուլտուրային: Հիշենք թեկուզ էքսցենտրիկ Սերժ Ջիլավյանին: Փող ունենալը նրանք բավարար հիմք են համարում թե Հայաստանի եւ թե «համահայկական» մասշտաբով անսահման հավակնություններ ունենալու համար: Ճիշտ է, Արա Աբրահամյանը, ի տարբերություն Ջիլավյանի, հասկանում է, որ որոշ հարցերում իր խելքը չի կտրում եւ վարձում է «ինտելեկտուալների»: Բայց Անդրանիկ Միհրանյանի նման «ինտելեկտուալները», միանգամայն բնականորեն, պաշտպանում են ոչ թե Հայաստանի եւ հայ ժողովրդի, այլ Ռուսաստանի շահերը: Այնպես որ, որոշ առումներով, Ջիլավյանն ավելի անվնաս էր», - գրել է «Առավոտ»-ը:

«Ազգ»֊ը տեղեկացնում է, որ վաղը՝ դեկտեմբերի 10֊-ին, լրանում է հայկական ֆուտբոլի լավագույն ներկայացուցիչներից մեկի՝ «Արարատ»֊-ի նախկին ավագ, միջազգային կարգի սպորտի վարպետ, ԽՍՀՄ չեմպիոն ու գավաթակիր, Օլիմպիական խաղերի բրոնզե մրցանակակիր Հովհաննես Զանազանյանի 60-֊ամյակը:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG