Մատչելիության հղումներ

Ադրբեջանցի քաղաքագետները շարունակում են պնդել, թե Ղարաբաղի սահմանադրական հանրաքվեն «որեւէ նշանակություն չի ունենա»


Ադրբեջանցի քաղաքագետներ Արիֆ Յունուսովը եւ Ռասիմ Մուսաբեկովը «Ազատություն» ռադիկայանի հայկական ծառայությանը տված հարցազրույցներում պնդեցին, որ կիրակի օրը Lեռնային Ղարաբաղում անցկացվելիք սահմանադրական հանրաքվեն «թե իրավական, թե քաղաքական առումով որեւէ նշանակություն չի ունենա»:

«Հարցը Սահմանադրություն ունենալու մեջ չէ», - ասաց Մուսաբեկովը: - «Այդ միջոցառումը ոչ մի իրավական հիմք չունի: Այն չի անցկացվում Ադրբեջանի իշխանությունների համաձայությամբ, կամ` միջազգային հանրության թույլտվությամբ: Սահմանադրությունը իրավական նորմ է, բայց տվյալ պարագայում այն ստեղծվում է անօրինական հենքի վրա: Դա նոնսենս է»:

Նույն կարծիքին է նաեւ քաղաքագետ Արիֆ Յունուսովը` Ղարաբաղում անցկացվելիք հանրաքվեն դասելով «չճանաչված հանրապետությունների հանրաքվեների շքերթների շարքում». - «Այս հանրաքվեների շքերթը` քաղաքական ակցիաներ են հերթական առեւտրի համար Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ»:

«Քաղաքական առումով հանրաքվեն ոչինչ չի տա, այն կարող է միայն վատթարացնել բանակցությունների գործընթացը, իսկ տնտեսական առումով` պարզապես քամուն են տալիս փողերը, որոնք ավելի լավ կլիներ ծախսել Ղարաբաղի հայերի վիճակը բարելավելու վրա», - ասաց Յունուսովը:

«Ես կարծում եմ, ինչպես միշտ, մեր ընդդիմախոսները, մեր հարեւանները ամեն ինչ իրար են խառնում», - մեկնաբանելով ադրբեջանցի քաղաքագետների տեսակետը` «Ազատություն» ռադիոկայանին ասաց Lեռնային Ղարաբաղի Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը: - «Ես չեմ հիշում նախորդ մեր համապետական, քաղաքական միջոցառումներից որեւէ դեպք, որը Ադրբեջանի կողմից ընկալվեր նորմալ հասկացողությամբ»:

«Ես կարծում եմ անցած 15 տարիներին մեր պետական շինարարության համակարգի զարգացումը, ժողովրդավարական արժեքների հետեւողական ներդրումը տրամաբանորեն մեզ բերել են այն փուլին, երբ երկիրը պետք է ունենա իր առաջին Սահմանադրությունը, եւ ես վստահ եմ, որ անպայման Lեռնային Ղարաբաղը կունենա իր Սահմանադրությունը` անկախ Ադրբեջանի տրամադրություններից», - եզրափակեց Ղուլյանը:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG