Մատչելիության հղումներ

15 տարի առաջ՝ 1991 թվականի դեկտեմբերի 8-ին, Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Բելառուսի ղեկավարները Բելառուսում՝ Բրեստից 50 կիլոմետր հեռավորության վրա գտնվող «Բելովեժսկայա պուշչա» արգելանոցի տնակում, ստորագրեցին համաձայնագիրը, որով մոլորակի երբեմնի հզոր տերությունը՝ ԽՍՀՄ-ը, լուծարվեց եւ ստեղծվեց նոր կառույց՝ Անկախ պետությունների համագործակցությունը:

Խորհրդային Միությունը պահպանելու հնարավորություն այլեւս չկար: 0գոստոսի ձախողված «պուտչը» վերջնականապես թաղել էր միութենական նոր պայմանագրի ստորագրման հույսը:

Խորհրդային Միության առաջին եւ վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը «Բելովեժյան համաձայնագիրն» անվանեց «ապօրինի եւ վտանգավոր քայլ», սակայն երկու շաբաթ անց՝ դեկտեմբերի 21-ին, խորհրդային 15 հանրապետություններից 11-ի ղեկավարները Ղազախստանի մայրաքաղաք Ալմա Աթայում միացան այդ համաձայնագրին:

Բալթյան երեք հանրապետություններն ու Վրաստանը հրաժարվեցին անդամակցել ԱՊՀ-ին, որի կանոնադրությունը սահմանում է, որ «Համագործակցության յուրաքանչյուր անդամ անկախ եւ ինքնիշխան երկիր է»: Սակայն 1993 թվականի դեկտեմբերին քաղաքացիական պատերազմի մեջ ներքաշված Վրաստանը ի վերջո միացավ ԱՊՀ-ին: Մինչդեռ Թուրքմենստանը 2005 թվականին հրաժարվեց լիիրավ անդամությունից եւ այսօր ունի Համագործակցության ասոցիացված անդամի կարգավիճակ:

ԱՊՀ-ն հաճախ անվանում են «քաղաքակիրթ ապահարզան», որի շնորհիվ հաջողվեց կանխել լայնածավալ բախումները եւ որոշ չափով պահպանել տնտեսական ու մշակութային կապերը:

Նախօրեին «Ռոսիյսկայա գազետա»-ին տված հարցազրույցում Ռուսաստանի առաջին նախագահ Բորիս Ելցինը հայտարարել է, թե
մինչ օրս համոզված է, որ ԱՊՀ-ի ստեղծումը Խորհրդային Միության քաոսային, անխուսափելի եւ անկառավարելի փլուզման միակ այլընտրանքն էր:

«Այսօր էլ ես շնորհակալություն եմ հայտնում նրանց, ովքեր պատմության եւ իրենց ժողովուրդների առջեւ պատասխանատվություն վերցրեցին եւ ստորագրեցին ԱՊՀ-ն ստեղծելու համաձայնությունը: 15 տարի է միասին ենք եւ ոչ մի կերպ չենք «բաժանվում», ուրեմն՝ պետք էլ չէ», - ասել է Ելցինը եւ ամփոփել. - «Բարեբախտաբար, մենք դատապարտված ենք միասին լինել»:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG