Մատչելիության հղումներ

Վարդան Օսկանյան. «Վրաստանը, Ուկրաինան եւ Մոլդովան կրկին խաղում են Ադրբեջանի օգտին»


Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը, մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղում կայանալիք սահմանադրական հանրաքվեի կապակցությամբ ՎՈՒԱՄ կազմակերպության` այս շաբաթ արած հայտարարությանը, հինգշաբթի օրը կարծիք է հայտնել, որ Վրաստանը, Ուկրաինան եւ Մոլդովան կրկին խաղում են Ադրբեջանի օգտին, խառնվելով մի հարցի, որն իրենց չի վերաբերում:

Երեքշաբթի օրը ՎՈՒԱՄ-ի անդամ երկրների՝ Վրաստանի, Ուկրաինայի, Ադրբեջանի եւ Մոլդովայի արտաքին գործերի նախարարները «լուրջ մտահոգություն» են հայտնել դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում անցկացվելիք սահմանադրական հանրաքվեի կապակցությամբ՝ պնդելով, թե այն «խախտում է շարունակվող խաղաղ գործընթացը, անցկացվում է տարածաշրջանում իրավիճակի ապակայունացման նպատակով եւ մոլորության մեջ է գցում միջազգային հանրությանը»:

«Ադրբեջանը պնդում է, որ հանրաքվեի անցկացումը խոչընդոտում է բանակցային խաղաղ գործընթացին: Ճիշտ հակառակը. Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններ առանցքը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքն է»,֊ - ասված է Հայաստանի արտգործնախարարի հայտարարության մեջ:

«Իրական խոչընդոտը Ղարաբաղի ժողովրդավարական գործողություններին Ադրբեջանի անհանդուրժողական արձագանքն է, Լեռնային Ղարաբաղին բանակցային գործընթացում ներգրավելու նրանց մերժումը, կրկնվող ռազմաշունչ կոչերն ու Մինսկի խմբի բանակցային գործընթացը շրջանցելու համառ ջանքերը»,֊ - գտնում է Վարդան Օսկանյանը:

«Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ժողովրդավարական ձգտումների մերժումը եւ ժողովրդավարական ուղի ընտրելու համար մեղադրանքը ոչ կառուցողական են»,֊ - եզրափակել է Հայաստանի արտգործնախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG