Մատչելիության հղումներ

«Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքի նախագահության անդամ, Հայաստանից արտաքսված Վահագն Չախալյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանն այսօր հայտարարել է, որ առաջիկա օրերին դիմելու է վերաքննիչ դատարան:

Միաժամանակ նա փաստել է, որ Չախալյանը արտաքսված է եւ իրավունք չունի մտնելու Հայաստան, իսկ դատավարությունն առանց նրա ներկայության չի կարող անցկացվել, եւ պարզ չէ, թե ինչպես է լուծվելու այս հարցը:

Վահագն Չախալյանը դեկտեմբերի 4-ին Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի վճռով Հայաստանի պետական սահմանը ապօրինի հատելու մեղադրանքով դատապարտվել է մեկ տարվա պայմանական ազատազրկման, ինչից հետո արտաքսվել է Հայաստանից:

Գյումրիում դատն անցկացնելու միակ նպատակը, ըստ փաստաբանի, Չախալյանին Վրաստանի իշխանություններին հանձնելն էր. - «Դա նախապես պլանավորված էր»:

Իսկ «Ջավախք դաշինք» խորհրդի անդամ Արմեն Աղայանը կարծիք հայտնեց, որ «ձերբակալության պատճառը բնավ էլ զարտուղի ճանապարհով սահմանն անցնելը չէր, այլ Ջավախքում նրա [Չախալյանի] ծավալած գործունեությունը»:

«Նա Հայաստան եկավ այն օրերին, երբ Ջավախքում տեղի էին ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, եւ «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքը որոշել էր բողոքարկել դրանց արդյունքները»,- ասաց Արմեն Աղայանը:


Լիանա Մնացականյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG