Մատչելիության հղումներ

Ազատ է արձակվել Շահեն Հովասափյանի սպանության գործով կալանված Գուրգեն Վիրաբյանը


«Երեւան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից երեքշաբթի օրը ազատ է արձակվել Հարկային պետական ծառայության օպերատիվ-հետախուզական վարչության պետ Շահեն Հովասափյանի սպանության գործով կալանված Գուրգեն Վիրաբյանը:

Ինչպես այսօր «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց գլխավոր դատախազության մամուլի քարտուղար Սոնա Տրուզյանը, հաշվի առնելով Գուրգեն Վիրաբյանի առողջական վիճակը եւ նկատի ունենալով, որ ազատության մեջ նրա գտնվելը չի կարող խոչընդոտել քրեական գործի օբյեկտիվ քննությանը, դեկտեմբերի 5-ին որոշում է կայացվել նրա նկատմամբ խափանման միջոցը փոխելու մասին:

Սակայն նախաքննությունը շարունակվում է, եւ Գուրգեն Վիրաբյանին ներկայացված մեղադրանքները մնում են անփոփոխ:

Գուրգեն Վիրաբյանը եւ նրա եղբայրը` Հարկային պետական տեսչության օպերատիվ-հետախուզական վարչության 7-րդ բաժնի պետ Արմեն Վիրաբյանը, կալանավորվել էին սեպտեմբերի 16-ին` Շահեն Հովասափյանի սպանությունը կազմակերպելու մեղադրանքով:

Մամուլում այսօր տեղեկություն է հրապարակվել, ըստ որի, Շահեն Հովասափյանի վարորդը՝ Անդրանիկ Չարչյանը, ցանկանում է հրաժարվել նախկինում տված ցուցմունքներից, որոնց հիման վրա էլ քրեական գործ է հարուցվել Վիրաբյանների դեմ:

Գլխավոր դատախազությունից հրաժարվեցին ասել, թե որքանով են ճիշտ այդ տեղեկությունները՝ պատճառաբանելով, թե դա նախաքննության գաղտնիք է:

Մինչդեռ Արմեն եւ Գուրգեն Վիրաբյանների փաստաբան Հովիկ Արսենյանն «Ազատություն» ռադիոկայանին ասաց, թե հաշվի առնելով մամուլում տեղ գտած այդ տեղեկատվությունը՝ այսօր պատրաստվում է միջնորդություն ներկայացնել նախաքննական մարմնին, որպեսզի Հովասափյանի վարորդին հարցաքննեն իր ներկայությամբ:

Փաստաբանի համոզմամբ, վարորդը նախաքննական մարմնի կողմից ճնշման տակ է Վիրաբյանների դեմ ցուցմունք տվել, եւ, թերեւս, դա է պատաճառը, որ հիմա Չարչյանը ցանկանում է հրաժարվել իր ցուցմունքներից:

Հովիկ Արսենյանը շեշտեց, որ խոսքը ոչ միայն ֆիզիկական, այլեւ հոգեբանական ճնշման մասին է. - «Հանցագործություն է տեղի ունեցել, եւ [վարորդը] ինքն էլ տուժող էր, վնասվածքներ ուներ, եւ նման հոգեբանական ճնշված վիճակում գտնվողին դժվար չէր համոզել անել դա»:

Շահեն Հովասափյանը սպանվել է սեպտեմբերի 6-ի առավոտյան, երբ պայթեցվել է նրա ծառայողական ավտոմեքենան: Հովասափյանը տեղում մահացել էր, իսկ վարորդ Անդրանիկ Չարչյանը մարմնական վնասվածքներ էր ստացել:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG