Մատչելիության հղումներ

ԱԺ-ում քննարկվում է Իրաքում հայ խաղաղապահների մնալու ժամկետը երկարաձգելու հարցը


Ազգային ժողովն այսօր քննարկեց Իրաքում կայունացման ուժերի կազմում հայ խաղաղապահների մնալու ժամկետը երկարաձգելու հարցը` քվեարկությունը թողնելով վաղվան:

Հարցը` «Իրաքի կայունացման ուժերի կազմում բազմազգ դիվիզիայի ղեկավարման եւ նման այլ հարցերի կարգավորման մասին» փոխըմբռնման հուշագրին միանալու ժամկետը եւս մեկ տարով երկարաձգելու վերաբերյալ, պատգամավորներին ներկայացրեց պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը:

«Իհարկե, չենք ուզում փչացնել մեր հարաբերությունները ԱՄՆ-ի հետ», - հայտարարեց նա` պատասխանելով հնչած տեսակետերին, թե Հայաստանն ուզում է հաճոյանալ Միացյալ Նահանգներին: - «Ինչո՞ւ հարթ տեղը մենք պիտի այդ հարաբերությունները փչացնենք»:

Նա հիշեցրեց, որ հայաստանյան խաղաղապահ գումարտակը Իրաքի կայունացման ուժերի կազմում է պայմանով, որ չի մասնակցի բուն ռազմական գործողություններին` իրականացնելով միայն մարդասիրական առաքելություն:

46-հոգանոց գումարտակի կազմում բժիշկներ են, վարորդներ ու սակրավորներ: Գումարտակի ներկայությունը Իրաքում, ըստ պաշտպանության նախարարի, «նպաստում է Հայաստանի միջազգային վարկի եւ հեղինակության բարձրացմանը, ամրապնդում վստահությունը Հայաստանի զինված ուժերի նկատմամբ»:

Նրա խոսքերով, «օպերացիան չավարտված, խնդիրները չլուծված»` գումարտակը հետ կանչելու դեպքում Հայաստանը կարող է թողնել «անվստահելի գործընկերոջ տպավորություն»:

Դաշնակցությունը չի փոխել իր դիրքորոշումը եւ պատգամավոր Արմեն Ռուստամյանը վերահաստատեց դա. - «Ժամանակի երկարաձգման հետ կապված մտահոգությունների հավանականությունը չի կարող պակասել, որովհետեւ արաբական աշխարհում մենք ունենք շատ մեծ գաղութներ»:

Դեմ արտահայտվեցին նաեւ ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության պատգամավորների մեծամասնությունը:

Իսկ «Ազգային միաբանություն»-ը կողմ է: «Հուսալի գործընկեր լինելը կարող է շատ ավելի մեծ դիվիդենտներ բերել, քան այս ամբիոնից կեղծ հայրենասեր երեւալը», - ասաց խմբակցության ղեկավար Արտաշես Գեղամյանը:

«Մի կողմ քաշված, աշխարհից խռոված պետությունը որեւէ մեկին պետք չէ», - իր ելույթում ասաց ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը:

Հարցը քվեարկության կդրվի վաղը:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG