Մատչելիության հղումներ

Նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազդեցությունը հայաստանյան քաղաքական գործընթացների վրա, նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Գառնիկ Իսագուլյանի համոզմամբ, 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո էլ «բավականին բարձր է լինելու»:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչպիսի՞ դրսեւորում դա կունենա, Իսագուլյանը պատասխանեց. - «Կյանքը ցույց կտա»:

Հարցին, թե քաղաքական ո՞ր ուժի հետ է համագործակցելու Իսագուլյանի ղեկավարած «Ազգային անվտանգություն» կուսակցությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններում, նա պատասխանեց. - «Ժամանակը կգա` կիմանաք»:

Ասուլիսից հետո «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Գառնիկ Իսագուլյանը, այդուհանդերձ, ասաց, որ համագործակցելու են Հայաստանի հանրապետական կուսակցության հետ:

Ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա, Իսագուլյանի կարծիքով, «նրանք այդպես էլ չհասկացան, որ հստակ պայքարի համար անհրաժեշտ է իշխանությունների ներկայացրած ծրագրերին այլընտրանքային ծրագրեր ներկայացնել». - «Մինչդեռ նրանք միայն հայտարարություններ են անում, նոր ֆորմատներ ձեւավարում, նախապես հայտարարում են, թե ընտրությունները կեղծվելու են... Ընդդիմությունը ի սկզբանե իրեն դնում է պարտվածի հոգեբանության մեջ»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG