Մատչելիության հղումներ

«Այլընտրանք»-ը հայտարարում է հանրահավաքների մեկնարկ


«Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնությունը հայտարարում է հանրահավաքների մեկնարկ` 2007 թվականի փետրվարի 20-ին:

Նախաձեռնության անդամ, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը այսօր կայացած ասուլիսի ժամանակ վստահություն հայտնեց, որ մարդիկ կգան հանրահավաքների:

«Եթե նման ռեսուրս մենք չտեսնեինք, նման հայտարարություն չէինք ընդունի», - ասաց նա:

«Կարելի է հրապարակում ունենալ 200 հազար հոգի եւ ամեն ինչ անել, որ այդ 200 հազարը դառնա զրո, եւ կարելի է հրապարակում ունենալ 10 հոգի եւ կարողանալ ամեն ինչ անել, որ այդ 10 հոգին դառնա 200 հազար», - հայտարարեց Փաշինյանը՝ հավելելով. - «Համենայնդեպս, մեր խնդիրը այսօր մենք տեսնում ենք երկրորդի մեջ, եւ մենք համոզված ենք, որ այդ խնդիրը կլուծենք»:

«Մեր վճռականությունը կկանխորոշի մեր քաղաքական պայքարի ելքը», - վստահեցնում է «Այլընտրանք»-ը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին հղած կոչում:

Նախաձեռնությունն արձանագրում է, որ «բռնատիրության եւ անօրինականության հաստատման եւ խորացման հետեւանքով Հայաստանի Հանրապետության առաջ կանգնած թիվ մեկ խնդիր է դարձել քաղաքացու անազատությունն ու անպաշտպանվածությունը եւ դրանցից բխող` ապագայի անորոշությունը»:

«Այլընտրանք»-ը, իր գործունեության նպատակը համարելով ապագայի անորոշության վերացումը, երկրի քաղաքացու համար արժանապատիվ կյանքի հնարավորության ստեղծումը դրա իրագործման համար «ընդունելի է համարում քաղաքական պայքարի բոլոր ձեւերը»:

«Միայն արմատական քաղաքական գործելակերպն է, որ այս իրավիճակում հնարավոր կդարձնի ապագայի առաջարկվող մոդելի հանրայնացումը եւ իշխանության վերարտադրության կասեցումը», - համոզված են նախաձեռնության ներկայացուցիչները:


Լիանա Մնացականյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG