Մատչելիության հղումներ

Բրյուսելում այսօր մեկնարկում է ԵԱՀԿ-ի անդամ երկրների արտգործնախարարների նիստը: Ակնկալվում է, որ 56 երկիր ընդգրկող կառույցի անդամները ի թիվս այլ հարցերի կքննարկեն նաեւ նախկին Խորհրդային Միության տարածքում առկա «սառեցված հակամարտությունների»` Մերձդնեստրի, Հարավային Օսիայի, Աբխազիայի եւ Lեռնային Ղարաբաղի, կարգավորման հարցը:

«Մենք կփորձենք առաջընթաց ապահովել, քանի որ եթե այդ հակամարտությունների կարգավորումն ընթանա սխալ ճանապարհով, դա կհարվածի բոլորիս», - հանդիպումից առաջ հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Դենիել Ֆրիդը:

Նախատեսվում է, որ նիստի ավարտին արտգործնախարարները իրենց դիրքորոշումներն ամրագրող համատեղ հռչակագիր կընդունեն:

Պաշտոնական Մոսկվան, սակայն, նիստից օրեր առաջ արդեն ակնարկել է, որ եթե փաստաթղթում ԵԱՀԿ-ի անդամ երկրները կրկին անդրադառնան Մոլդովայից եւ Վրաստանից ռուսական զորքերի դուրսբերման պարտավորությանը, Ռուսաստանը չի միանա քաղաքական այդ բանաձեւին:

Հիշյալ հարցը միակ տարաձայնությունը չէ արտգործնախարարների երկօրյա հավաքի օրակարգում: Ենթադրվում է, որ բուռն բանավեճեր կծավալվեն նաեւ 2009 թվականին ԵԱՀԿ-ը նախագահելու Ղազախստանի առաջարկի շուրջ:

Մի շարք եվրոպական երկրներ, ինչպես նաեւ Միացյալ Նահանգները, բացահայտ հայտարարում են, որ այդ երկիրը դեռ երկար ճանապարհ ունի անցնելու ԵԱՀԿ-ի չափանիշներին համապատասխանելու համար:

«Մենք պատրաստ ենք քննարկել հարցը 2011 թվականին, իսկ մինչ այդ՝ աջակցել Ղազախստանին ժողովրդավարության ամրապնդման, օրենքի գերակայության եւ բարեփոխումների ճանապարհին», - հայտարարել է պաշտոնական Վաշինգտոնը:

Սակայն նախկին խորհրդային որոշ երկրներ` Ռուսաստանի հովանավորությամբ, ամենեւին էլ մտադիր չեն սպասել մինչեւ 2011 թվականն ու դրանով իսկ հարցականի տակ դնել գազի պաշարներով հարուստ Ղազախստանի հետ հարաբերությունները:

Ակնկալվում է նաեւ, որ այս հավաքի ընթացքում կհանդիպեն Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները:


Հեղինե Բունիաթյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG