Մատչելիության հղումներ

Հայաստանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ վարակակիրների իրական թիվը մոտ 7 անգամ գերազանցում է պաշտոնական տվյալները


Աշխարհում ՄԻԱՎ վարակի աճի ամենաբարձր տեմպերը մեր տարածաշրջանում են. ուսումնասիրությունները վկայում են, որ Արեւելյան Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում (ներառյալ նախկին Խորհրդային Միության երկրները) այսօր 1 միլիոն 700 հազար վարակակիր կա, որոնցից 270 հազարը վարակվել է միայն 2006 թվականին: Այս ցուցանիշը 12 անգամ գերազանցում է Արեւմտյան Եվրոպայում եւ վեց անգամ՝ Հյուսիսային Ամերիկայում արձանագրված պատկերը:

«Երկու տարվա ընթացքում համարյա կրկնապատկվել է ե’ւ վարակվածների, ե’ւ մահացածների թիվը: Հիմնականում սա Ռուսաստանում եւ Ուկրաինայում դեպքերի հաշվին է, որոնք տարածաշրջանում վարակի տարածման շարժիչ ուժն են հանդիսանում», - ուրբաթ օրը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը:

Վարակի տարածման առաջին դեպքը Հայաստանում արձանագրվել էր 1988 թվականին, իսկ այսօր միայն գրանցված 425 ՄԻԱՎ եւ 147 ՁԻԱՀ վարակակիր կա երկրում: 97 մարդ արդեն մահացել է:

Սրանք միայն պաշտոնական թվերն են, մինչդեռ մասնագետների ոչ պաշտոնական հաշվարկային տվյալները վկայում են, որ իրականում վարակվածների թիվը 7 անգամ ավելի է: Ընդ որում` շատերը տեղյակ էլ չեն, որ վարակակիր են, ինչն ավելացնում է վարակի տարածման վտանգը:

«2006 թվականին [Հայաստանում] 62 նոր դեպք է գրանցվել», - ասաց ՄԱԿ-ի Մշտական համակարգող Կոնսուելո Վիդալը: - «Վարակը, ցավոք, տարածվում է: Վարակակիրները 20-35 տարեկան անձինք են, իսկ դա երկրի տնտեսապես ակտիվ խավն է կազմում: Հետեւաբար այս տարիքի մարդկանց շրջանում հիվանդության տարածումը կարող է ունենալ ինչպես առողջապահական, այլեւ տնտեսական հետեւանքներ»:


Իրինա Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG