Մատչելիության հղումներ

Անհետ կորածների հիմնախնդիրը մնում է


Հայաստանում միայն ռազմական գործողությունների ժամանակ անհետ կորել է 213 մարդ, որոնցից 130-ն արդեն պաշտոնապես համարվում են մահացած:

Վրաստանում անհետ կորածների թիվը հասնում է 500-ի, իսկ Ադրբեջանում` 1998-ի, ընդ որում` այս թիվը ներառում է ոչ միայն զինվորականներին, այլեւ խաղաղ բնակիչներին:

Այս տվյալները հրապարակվել են նոյեմբերի 24-ից 25-ը Վանաձորում կայացած «Անհետ կորածների խնդիրները Հարավային Կովկասում» տարածաշրջանային համաժողովի ժամանակ, որին մասնակցում էին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Հարավային Կովկասի ցանցի Վրաստանի, Ադրբեջանի, Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի գործընկեր կազմակերպությունները, անհետ կորածների խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունները:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը այսօր Երեւանում կայացած ասուլիսում նշեց, որ հանդիպման ժամանակ քննարկվել են անհետ կորածների խնդիրների կարգավորման եվրոպական եւ միջազգային իրավական մեխանիզմները, ներկայացվել են նրանց խնդիրները կարգավորող օրենքներն ու դրանց թերությունները:

«Անհետ կորածների հարազատները ֆինանսական միջոցներ ունենալու դեպքում սկսում են սեփական ուժերով փնտրել հարազատներին՝ հիմնականում Բագրատաշենի մաքսային կետի շրջանում», - ասաց Սաքունցը:

Առաջին անգամ այս տարի օգոստոսի 30-ը Հայաստանում, Վրաստանում եւ Ադրբեջանում նշել են որպես անհետ կորածների միջազգային օր. այդ օրը երեք հանրապետությունները ընտրել են համատեղ եւ այսուհետ նշելու են ամեն տարի:


Լիանա Մնացականյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG