Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի նախագահական թեկնածուն առաջարկում է դադարեցել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության բանակցությունները


Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Նիկոլա Սարկոզին, որը մասնակցելու է նախագահական առաջիկա ընտրություններին եւ դիտվում է որպես հաղթելու հնարավորություն ունեցող թեկնածու, երեկ հայտարարել է, որ Եվրոպական միությունում տեղ չկա Թուրքիայի համար, եւ հարկ է ընդհանրապես դադարեցնել անդամակցության բանակցություններն այդ երկրի հետ:

Սարկոզին ասել է, որ Թուրքիան անընդունելի դիրքորոշում է որդեգրել Կիպրոսի հարցում: Նրա կարծիքով, Թուրքիային Եվրամիության լիիրավ անդամի փոխարեն պետք է առաջարկել «արտոնյալ գործընկերոջ» կարգավիճակ:

«Ես կոչ եմ անում ընդհանրապես դադարեցնել բոլոր բանակցությունները: Եվրամիությունը Թուրքիայի տեղը չէ», - ասել է Սարկոզին, որը նախագահի թեկնածու է առաջադրվում իշխող Ժողովրդական շարժման միության կողմից:

«Դա բանակցությունների թեմա չէ, դա անընդունելի է», - հայտարարել է նա:

«Ռոյթերզ» լրատվական գործակալությունը նշում է, որ Սարկոզին մշտապես հանդես է գալիս Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության դեմ:

Նիկոլա Սարկոզին նաեւ կոչ է արել սոցիալիստների կողմից առաջադրված նախագահության թեկնածու Սեգոլեն Ռուայալին՝ կարծիք հայտնել Թուրքիայի անդամակցության հարցով:

«Կցանկանայի, որ տիկին Ռուայալն ասի, թե ի՞նչ է ինքը մտածում այս ամենի մասին, քանզի համոզված եմ, որ նա ունի տեսակետ», - ասել է նա:

Ռուայալը Թուրքիայի վերաբերյալ հստակ դիրքորոշում առայժմ չի հայտնել եւ ասել է միայն, թե այդ հարցը պետք է լուծեն ընտրողները:

«Ռոյթերզ»-ը հիշեցնում է, որ Թուրքիան նոյեմբերին հայտարարել է Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցությունը դադարեցնելու մասին՝ ի պատասխան Ֆրանսիայի Ազգային ժողովի ընդունած օրինագծի, որը պատիժ է նախատեսում Հայոց ցեղասպանությունը մերժելու համար:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG