Մատչելիության հղումներ

Հռոմի Պապը այցելեց Պոլսո Հայոց պատրիարքարան


Հինգշաբթի օրը Հռոմի Բենեդիկտոս 16-րդ Պապը այցելել է Պոլսո Հայոց պատրիարքարան, որտեղ մոտ մեկ ժամ է անցկացրել:

Հայոց պատրիարքարանում ոչ Պապը, ոչ պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը «Հայոց ցեղասպանություն» կամ «Մեծ եղեռն» բառերը չեն արտասանել՝ իրենց ելույթներում օգտագործելով «հայերի կրած տառապանքներ», «ծանր տարիներ» արտահայտությունները:

Ստամբուլի «Մարմարա» օրաթերթի խմբագիր Ռոբեր Հատտեճյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց. - «Պապը դիտել տվեց, որ անցած դարում հայ ժողովուրդը այստեղ տխուր ճանապարհ է անցել՝ առանց շատ մանրամասնելու»:

Պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը նախ գոհունակություն է հայտնել Պապի այցելության կապակցությամբ: Նա հիշեցրել է, որ մեծ անցյալ ունեցող Պոլսո աթոռը շատ հարուստ հարաբերություններ է ունեցել Վատիկանի հետ՝ չնայած տխուր շրջաններ եւս եղել են:

Այնուհետեւ Հայոց պատրիարքը նշել է, որ Պոլսո ամենահին եկեղեցիներից մեկը, որն այլեւս գոյություն չունի, ժամանակին ծառայել է եւ հայ հավատացյալներին, եւ կաթոլիկներին:

Մեսրոպ Մութաֆյանն անդրադարձել է նաեւ հայ ժողովրդի համար ծանր տարիներին: Ըստ Ռոբեր Հատտեճյանի, Հայոց պատրիարքը հիշեցրել է, որ «հայ ժողովուրդն ապրել է տխրության եւ տառապանքի շրջան, որը, սակայն, կարողացել է հաղթահարել իր հավատքի զորությամբ»:

«Այժմ այս համայնքը, որն այլեւս իր անդորրը գտել է ինչ-որ ձեւով, ամեն ինչ ի գործ է դնում, որպեսզի երկխոսություն հաստատվի հայ եւ թուրք ժողովուրդների միջեւ», - ասել է Մեսրոպ Մութաֆյանը:

«Մարմարա»-ի խմբագրապետի պատմելով՝ Հայոց պատրիարքարանում «հրաշալի» կրոնական արարողություն է անցկացվել, որի ընթացքում Հռոմի Պապին հիացրել են հայկական շարականները, երգեցողությունը:

Հայոց պատրիարքը Պապին նվիրել է 1820 թվականին հայ ոսկերիչների կողմից պատաստված մի սկիհ, Պապն էլ է սկիհ նվիրել պատրիարքարանին:

Կրոնական արարողությունից հետո Հայոց պատրիարքն ու Հռոմի Պապը մասնակցել են եկեղեցու գավթում մի խաչքարի բացման արարողությանը, որի վրա փորագրված են կաթոլիկ եկեղեցու այն առաջնորդների անունները, ովքեր այցելել են Պոլսո Հայոց պատրիարքարան՝ Պողոս 6-րդի, որը Հայոց պատրիարքարան է այցելել 1967 թվականին, Հովհաննես Պողոս 2-րդի, որն այստեղ եղել է 1979 թվականին, եւ Բենեդիկտոս 16-րդի:

Այնուհետեւ ավելի նեղ կազմով ընդունելություն է տրվել պատրիարքարանի շենքում, որին մասնակցել են Հայ առաքելական եկեղեցու Ռումինիայի ու Բուլղարիայի առաջնորդ Տիրայր սրբազանը, հոգեւոր հայրեր, հայ համայնքի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի ներկայացուցիչը:

Ինչպես հաղորդեց Պոլսո «Ժամանակ» թերթի խմբագիր Արա Գոչունյանը, ուրբաթ օրը Ստամբուլում Վատիկանի ներկայացուցչությանը հարակից Սուրբ Հոգի եկեղեցում Հռոմի կաթոլիկ եկեղեցու քահանայապետը պատարագ է մատուցելու, որով էլ ավարտվելու է նրա այցը Թուրքիա:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG