Մատչելիության հղումներ

Եվրոպական միության նախագահող երկիր Ֆինլանդիայի վարչապետ Մատտի Վանհանենն այսօր այցելելու է Անկարա, որտեղ Թուրքիայի ղեկավարների հետ քննարկելու է Եվրոպական միությանը այդ երկրի անդամակցության բանակցային գործընթացում ի հայտ եկած ճգնաժամը հաղթահարելու հնարավորությունը: Վանհանենին ուղեկցելու է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թոնի Բլեյրի եվրոպական հարցերով խորհրդական Քիմ Դարոքը:

Անկարան ժամանակին ստորագրել է Եվրոպական միության հետ մաքսային համաձայնագիրը, սակայն առայսօր հրաժարվում է Կիպրոսի նավերի եւ ինքնաթիռների առջեւ բացել նավահանգիստներն ու օդանավակայանները, պնդելով, թե կվերականգնի տրանսպորտային կապը Եվրամիության անդամ Կիպրոսի հետ այն դեպքում, եթե Եվրոպական միությունը, իր հերթին, հաղորդակցություն հաստատի Թուրքիայի կողմից որպես հանրապետություն ճանաչված Հյուսիսային Կիպրոսի հետ:

Այս շաբաթասկզբին Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էրկկի Տուոմիոյայի միջնորդությամբ Տամպերեում բանակցել են Թուրքիայի եւ Կիպրոսի արտաքին գործերի նախարարներ Աբդուլա Գյուլն ու 3որգոս Լիլլիկասը, սակայն կողմերն այդպես էլ համաձայնության չեն եկել:

Չորեքշաբթի երեկոյան Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ մասամբ դադարեցնում է Անկարայի հետ բանակցությունները: Խոսքը բանակցությունների փաթեթում ներառված 35 դրույթներից 8-ի մասին է:

Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար 0լի Ռենն ընդգծել է, որ բանակցությունների սառեցում չկա, բայց գործընթացը դանդաղում է:

«Թուրքիան դեռ ունի մինչեւ դեկտեմբերի 11-ին կայանալիք Եվրամիության արտաքին գործերի նախարարների հանդիպումը «ոսկե գոլը» խփելու եւ իր ստանձնած պարտավորությունները կատարելու ժամանակ: Այդ դեպքում բանակցությունները մասամբ դադարեցնելու որոշումն ուժը կկորցնի», - ասել է Ռենը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG