Մատչելիության հղումներ

Աղվան Վարդանյան. «62 հազար ավանդատուներից 59 հազարը վիճելի ցուցակներում էին»


Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Աղվան Վարդանյանն այսօր հայտնել է, որ ավանդների փոխհատուցման համար կազմված «առաջին հաստատված ցուցակներում մոտ 62 հազար ավանդատուներից շուրջ 59 հազարը վիճելի ցուցակներում էին»:

Նրա վկայությամբ, սակայն, կառավարության որոշման մեջ փոփոխություններից հետո «ավանդատուների 96 տոկոսը ընդգրկվել է ցուցակներում»:

Ավանդների փոխհատուցումը սկսվել է օգոստոսից, սակայն վիճելի ցուցակների պատճառով առաջացած խառնաշփոթը դանդաղեցրել էր գործընթացը, եւ արդեն չորս ամիս շարունակ չի հաջողվում ավարտել դեռ առաջին կատեգորիայի՝ 70-ն անց միայնակ թոշակառուների գումարների փոխհատուցումը:

Նախարարությունը առայժմ դժվարանում է պատասխանել, թե ե՞րբ կփոխհատուցվեն գումարները:

«Քիչ չեն դեպքերը, երբ մեկ անձը մի քանի խնայողական գրքույկ ունի, նույնիսկ 40 գրքույկ ունեցողներ կան, ինչն իր հերթին խնդիրներ էր ստեղծել: Պետք է փոխհատուցվեն բոլոր գրքույկներում առկա գումարները: Եթե վիճելի հարց լինի, կպարզաբանվի եւ լրացուցիչ կվճարվի», - վկայեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Աստղիկ Մինասյանը:

Ավանդների փոխհատուցման նպատակով 1 միլիարդ դրամ տրամադրվել էր 2006 թվականի բյուջեով, մեկ միլիարդ էլ հատկացվեց 2007 թվականի համար: Փոխհատուցումը, ըստ նախնական գնահատման, իրականացվելու է 4 տարվա ընթացքում:


Իրինա Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG