Մատչելիության հղումներ

Թուրք ազգայնականները Ստամբուլում բողոքի ցույց են անցկացրել Պապի այցի դեմ


Թուրքիայի ազգայնական «Մեծ միություն» կուսակցության անդամները այսօր Ստամբուլում բողոքի ցույց են անցկացրել Հռոմի Բենեդիկտոս 16-րդ Պապի այցի դեմ:

Թուրքական «Չիհան» լրատվական գործակալության վկայությամբ, կուսակցության մոտ 100 անդամներ հավաքվել են «Բեյազիտ» հրապարակում, որը շատ մոտ է Սուրբ Սոֆիայի տաճարին եւ Երկնագույն մզկիթին, ուր այսօր ավելի ուշ այցելելու է Պապը:

Ցույցի մասնակիցները պարզել են «Պապ, դո’ւրս Թուրքիայից», «Այա Սոֆիան [Սուրբ Սոֆիայի տաճարը] 1453 թվականից ի վեր մզկիթ է» գրություններով պաստառներ:

Մի կին, որը ցույցին մասնակցում էր երեխայի հետ, հայտարարել է, թե իրենք թույլ չեն տա վիրավորել իրենց մարգարեին՝ ակնարկելով սեպտեմբերին Գերմանիայում Պապի արած հայտարարությունները, որոնք մահմեդականներն ընկալել էին որպես վիրավորանք իրենց հասցեին:

Հրապարակի շուրջ ոստիկանությունը անվտանգության խիստ միջոցառումներ է ձեռնարկել. մասնավորապես, տեղակայվել են անվտանգության ուժերի զինված աշխատակիցներ եւ ոստիկանական զրահամեքենաներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG