Մատչելիության հղումներ

Փոլադ Բյուլբյուլօղլի. «Բանակցություններ կվարենք մինչեւ վերջ, իսկ հետո ուժով կվերցնենք մեր հողերը»


Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին հայտարարել է, որ Ադրբեջանը մինչեւ վերջ կվարի բանակցությունները, բայց եթե դրանք արդյունք չտան` ուժով կվերադարձնի իր հողերը:

«Այժմ կողմերը արդեն գրեթե պայմանավորվում են յոթ շրջանների ազատագրման եւ Ղարաբաղի կարգավիճակի հետագա քննարկման շուրջ: Եթե սա հերթական անգամ տապալվի, կարծում եմ, մենք այլեւս որեւէ բանի չենք սպասելու: Սա իմ անձնական կարծիքն է»,֊ - «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում ասել է ադրբեջանցի դիվանագետը:

«Հայերը վերաբնակեցվել են այս հողերում, այդ մասին կան բոլոր փաստաթղթերը՝ սկսած Գրիբոյեդովի գրառումներից եւ ավարտած ցարերի կարգադրություններով: Կան ցուցակներ՝ ազգանուն առ ազգանուն, թե ում եւ որտեղ են վերաբնակեցրել: Հայերն ապրել եւ ապրում են այս հողում, եւ մենք համաձայն ենք, որպեսզի նրանք այնտեղ ապրեն Ադրբեջանական հանրապետության կազմում՝ ինքնավարության բարձրագույն կարգավիճակի տրամադրմամբ: Եթե ադրբեջանական ժողովուրդը աղքատ ապրի, հայերն էլ աղքատ կլինեն, եթե մենք հարուստ ապրենք, հայերն էլ որպես Ադրբեջանի քաղաքացիներ հարուստ կապրեն: Բայց արդեն այսօր Ադրբեջանի քաղաքացիները շատ ավելի հարուստ են ապրում, քան Հայաստանի քաղաքացիները»,֊ - կարծիք է հայտնել Փոլադ Բյուլբյուլօղլին:

Դեսպանը, որը ծագումով շուշեցի է, համոզմունք է հայտնել, որ կհասցնի կրկին տեսնել Շուշին:

«Կրթության նախարար եղած ժամանակ՝ 89 թվականին ես 120 հազար ռուբլու (իսկ այն ժամանակ դա մեծ գումար էր) Երեւանում հայերեն գրքեր եմ գնել եւ փոխանցել դրանք Ստեփանակերտի գրադարաններին, բուհերին եւ այլն: Պետբյուջեից մենք այնտեղ հայկական դրամատիկական թատրոն, երաժշտական դպրոցներ էինք պահում, նույնիսկ «Ղարաբաղ» էստրադային նվագախումբն էինք պահում: Մարզն այն ժամանակ ավելի լավ էր ապրում, քան Ադրբեջանի մյուս շրջանները՝ առողջապահության, կրթության, մշակույթի ցուցանիշներով, մեկ շնչին ընկնող մեքենաների եւ հեռախոսների թվով»,֊ - պնդում է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG