Մատչելիության հղումներ

Այսօր, օրվա երկրորդ կեսին, Հռոմի Պապ Բենեդիկտոս 16-րդը այցելելու է Պոլսո Հայոց պատրիարքարան եւ հանդիպելու է Պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի հետ:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Ստամբուլում հրատարակվող «Ժամանակ» օրաթերթի խմբագիր Արա Գոչունյանը, Հռոմի կաթոլիկ եկեղեցու քահանայապետը Սբ. Աստվածածին աթոռանիստ մայր եկեղեցում ներկա է գտնվելու կրոնական արարողությանը, որի ընթացքում երգելու է այդ առիթով ստեղծված միացյալ երգչախումբը:

Արարողությունից հետո Հռոմի Պապը առաջորդվելու է Հայոց պատրիարքարանի պատմական շենքը, որի դահլիճում նախատեսված է նրա այցելության շարունակությունը:

Հանդիպմանը մասնակցելու են նաեւ Ստամբուլի հայ համայնքի ներկայացուցիչներ:

Պատմական Գումգաբու թաղամասում նախատեսված հանդիպումը, ինչպես եւ Պապի բոլոր այցելությունները Թուրքիայում, իրականացվելու է անվտանգության խիստ միջոցների պահպանման պայմաններում:

«Ժամանակ» թերթի խմբագրի խոսքերով, այս հանդիպումն ավելի շատ քաղաքավարական նշանակություն ունի:

«Հույն ուղղափառ եկեղեցու ծայրագույն պատրիարքի հետ Պապի հանդիպման վրա ուշադրությունն առավել կենտրոնացած էր, որովհետեւ սա կաթոլիկ եւ ուղղափառ եկեղեցիների միջեւ հաստատված երկխոսության շարունակությունն է ամենաբարձր մակարդակի վրա», - ասաց Արա Գոչունյանը: - «Իսկ Թուրքիո Հայոց պատրիարքարան կատարվելիք այցը ավելի շատ քաղաքավարական, արարողակարգային բնույթ է կրում, քանի որ Պապը այցելում է քաղաքի տարբեր կրոնական հարանվանություններին, հայերիս պարագայում` Թուրքիո Հայոց պատրիարքարան»:

Այնուհանդերձ, «Ժամանակ» թերթի խմբագրի համոզմամբ, այս հանդիպումները Հայոց պատրիարքարանի տարեգրության մեջ պատմական նշանակություն կունենան:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG