Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայկական ժամանակ» թերթը «Քթներիցս գալու է» վերնագրված խմբագրականում գրում է. - «Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի երեկվա նիստը՝ Ռոբերտ Նազարյանի նախագահությամբ, պետք է համարել պատմական: Իր գոյության պատմության մեջ առաջին անգամ այս հանձնաժողովը որոշում կայացրեց հանրային ծառայություններից մեկի՝ գազամատակարարման ոլորտում վերջնական սպառողի համար սակագին իջեցնելու վերաբերյալ»: Վերլուծելով իրավիճակը՝ թերթը գրում է. - «Հայաստանում տեղի են ունենալու երկու ընտրություններ՝ 2007-ին՝ խորհրդարանական, 2008-ին՝ նախագահական: Իրավիճակն էլ այնպիսին է, որ եթե մինչ այդ ընտրությունները ցնցումներ լինեն, ներկայիս իշխանության վերարտադրության հնարավորությունները կնվազեն: Հենց դա է պատճառը, որ Հայաստանը այժմ ապրում է աննախադեպ ու պարզունակ պոպուլիզմի մի ժամանակաշրջան։ ԽՍՀՄ խնայբանկի ավանդների փոխհատուցումից մինչեւ գազի սակագնի սուբսիդավորումը այդ պոպուլիզմի ամենավառ դրսեւորումներն են։ Իրականում նման պոպուլիզմը քթներիցս է գալու»:

Հավանական համարելով մինչեւ 2006 թվականի վերջը ղարաբաղյան կարգավորման գործընթացում «հնարավորությունների պատուհանի» բացումը «Հայոց Աշխարհ» թերթի մեկնաբանն այսօր շեշտադրել է. - «Կարծում ենք, որ այստեղ գործ ունենք շատ ավելի բարդ խաղի հետ, որի հիմնական դերակատարը ո՛չ հակամարտության անմիջական կողմերն են, ո՛չ էլ նույնիսկ Ռուսաստանը։ Վերջինս նույնիսկ կանգնած է բարդ ընտրության առաջ, որովհետեւ միջազգային հանրությունը եւ առաջին հերթին Միացյալ Նահանգները հենց Ռուսաստանի նախագահին են վերապահում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում «ճեղքում» արձանագրողի դերակատարությունը: Գործի է դրվում «սեպը սեպով հանելու» վաղուց փորձարկված հնարքը, որն իրականություն դարձնելու նպատակադրումով ժամանակավորապես հետաձգվում են ՆԱՏՕ-ի ծավալման ծրագրերը, եւ Ռիգայում իր երկրի առաջ վառված «կանաչ լույս» այդպես էլ չտեսած Վրաստանի նախագահը Մինսկում չի արժանանում նաեւ Ռուսաստանի նախագահի ընդունելությանը»։

Իր հերթին «Հայք» պարբերականը, բնութագրելով կողմերի դիրքորոշումները Մինսկի բանակցություններում, համադրել է. - «Ակնհայտ է, որ թե՛ Քոչարյանը, թե՛ Իլհամ Ալիեւը ունեն միանման դիրքորոշում հիմնախնդրի լուծման հնարավորինս ձգձգման հարցում, եւ այս անգամ էլ պիտի փորձեին Ռուսաստանի միջամտության շնորհիվ երկարաձգել կարգավորումը»։ Թերթը, հղում անելով իր աղբյուրներիներին, փոխնացել է, թե «հանդիպման ընթացքում ղարաբաղյան հակամարտության շուտափույթ լուծման համար վերջնագրեր են ներկայացվել Քոչարյանին ու Ալիեւին», ինչը «ցույց է տալիս ռուսական արտաքին քաղաքականության նոր որակական փոփոխությունը, որը ձեռնտու չէ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին»:

«Հիրավի՝ նախընտրական բյուջե» վերնագրի ներքո «Առավոտ»-ը գրում է. - «Ամեն ընտրությունից առաջ մեր Ազգային ժողովն սկսում է ջերմ զգացումներ տածել դպրոցների եւ շենքերի տանիքների հանդեպ եւ կառավարությունից գումարներ պահանջել դրանց նորոգման համար»:

2007 թվականի բյուջեի վերաբերյալ գրել է նաեւ «Հայոց Աշխարհ» օրաթերթը: «Ինչո՞ւ կառավարությունը հետ վերցրեց բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձը 40 տոկոսով բարձրացնելու վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունը. հասարակական կարծիքի՞ց վախեցավ, թե՞ ընտրություններից առաջ չցանկացավ ոչ պոպուլիստական քայլի գնալ», - թերթի այս հարցին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը պատասխանել է. - «Վախենալու հարց չկա: Ուղղակի Ազգային ժողովում տեղի ունեցած քննարկումների ժամանակ որոշ քաղաքական ուժեր փորձեցին այդ խնդիրը շահարկել, չնայած, վստահ եմ, սրտի խորքում ուզում էին, որ օրենքն անցնի»:

«Վեց ամիս հետո քաշվելու ենք» վերնագրի տակ «Առավոտ» թերթը, գազի սակագնի իջեցման թեմային անդրադառնալով, նկատել է. - «Նոյեմբերի 7-ին սակագների վերանայման մասին «Հայռուսգազարդի» ներկայացրած հայտը պարզապես խորամանկ քաղաքականություն էր. դոլարի կուրսն իջել էր, եւ, այսպես թե այնպես, հանձնաժողովը պետք է սակագներն իջեցներ, ուստի ընկերությունը հանձնաժողովից առաջ ընկնելով, ճիշտ հակառակ՝ գների բարձրացման հայտ էր ներկայացրել: Սա մոտավորապես նույնն է, երբ խանութները զեղչային սեզոնից մեկերկու շաբաթ առաջ ապրանքների գները զգալիորեն բարձրացնում են, հետո հայտարարում 20-30 տոկոս զեղչ»։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG