Մատչելիության հղումներ

logo-print

Ազգային ժողովը հաստատեց 2007 թվականի պետական բյուջեի մասին օրինագիծը


Խորհրդարանը չորեքշաբթի օրը արտահերթ նիստում հաստատեց 2007 թվականի պետական բյուջեի մասին օրինագիծը:

Մինչեւ քվեարկությունը, դիմելով պատգամավորներին, ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը տեղեկացրեց, որ օրենսդիրների ներկայացրած 441 առաջարկներից կառավարությունը մերժել է 261-ը:

Իսկ ընդունված առաջարկությունների համար, ըստ նախարարի, հատկացվել է լրացուցիչ 2 միլիարդ 970 միլիոն դրամ: Գումարները կուղղվեն հիմնականում մանկապարտեզների, դպրոցների վերանորոգման եւ կառուցապատման աշխատանքներին:

Հաջորդ տարվա պետական բյուջեից հանվել է բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձը բարձրացնելու մասին կետը: Այդ նպատակով [վեց ամսվա համար] նախատեսված 710 միլիոն դրամը, ինչպես հայտարարեց Վարդան Խաչատրյանը` «ամբողջությամբ ուղղվել է դպրոցաշինությանը»:

Ընդդիմությունը սա համարում է «գոյատեւման», կառավարությունը` «սոցիալական» բյուջե:

«Յուրաքանչյուր տարվա բյուջեն, իմ կարծիքով, տվյալ տարվա համար լավագույն բյուջեն է եղել», - ասաց վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:

Ազգային ժողովը երեկ առաջին ընթերցմամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության պետական օրհներգի մասին» օրինագիծը: Ըստ այդմ` մինչեւ նոր օրհներգի համար անհրաժեշտ տեքստի եւ երաժշտության սահմանումը ուժի մեջ կլինի գործող օրհներգը:

Իսկ ահա կառավարության ներկայացրած «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրինագիծը խորհրդարանը մերժեց` արդեն երկրորդ անգամ: Այս օրինագծով, ըստ դրան ընդդիմացող պատգամավորների, փորձ է արվում Հայաստանում ստեղծել հետախուզական գործունեությունը կանոնակարգող մարմին: Այդ մարմնի ղեկավարին, ըստ նախագծի, նշանակում է երկրի նախագահը` Ազգային անվտանգության ծառայության պետի առաջարկով:

Նախատեսված է նաեւ, որ այդ մարմնի հիմնական գործը գաղտնասլումները, դիտումները, անգամ մարդկանց նամակագրության վերահսկողությունն է լինելու, ինչը մարմինը իրավասու կլինի կիրառել 48 ժամ` մինչեւ դատարանի համապատասխան որոշումը:

«Առավել եւս հրատապ է այս խնդիրը առաջիկա քաղաքական, այսպես ասած` բախումների դաշտում ստեղծել մարմին, որը ուղղակի ենթարկվելու է նախագահին, որը անընդհատ նրան [նախագահին] ինֆորմացիա է տալիս բոլոր քաղաքական ուժերի գործունեության մասին», - իր փաստարկները բերեց ընդդիմադիր պատգամավոր Արշակ Սադոյանը:

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը այսպես մեկնաբանեց օրինագծի մերժումը. - «Համարում են դա քաղաքական մանկամտություն... Չընդունենք այս օրենքը, եւ շարունակի այս դաշտը գոյություն ունենալ այնպես, ինչպես կա` առանց որեւէ սահմանափակումների»:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG