Մատչելիության հղումներ

logo-print

Սերժ Սարգսյան. «Էական է, որ լինի փոխզիջում եւ արժանապատիվ խաղաղություն»


Հայաստանի պաշտպանության նախարար, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Սերժ Սարգսյանը Ղարաբաղյան խաղաղ կարգավորման հարցում էական է համարում «փոխզիջումը եւ արժանապատիվ խաղաղության» հասնելը:

Չորեքշաբթի օրը նախարարը, ի պատասխան լրագրողների հարցերին, ասաց, թե առայժմ ոչինչ չի կարող ասել երեկ Մինսկում նախագահներ Քոչարյանի եւ Ալիեւի հանդիպման վերաբերյալ:

Հարցին, թե արդյո՞ք բանակցությունների տվյալ փուլում խոսվում է տարածքներ վերադարձնելու մասին, Սարգսյանը պատասխանեց. - «Ես երբեք որեւէ կոնկրետ տարածքի մասին չեմ խոսել եւ չեմ էլ ցանկանում խոսել: Ես մշտապես խոսել եմ փոխզիջումների մասին, խոսել եմ արժանապատիվ խաղաղության մասին: Եվ չեմ ասել` 20 մետր հանձնենք, 15 մետր հանձնենք, 500 կիլոմետր հանձնենք: Սա ինձ համար էական չէ: Էական է, որ լինի փոխզիջում եւ արժանապատիվ խաղաղություն»:

Նախարարը ասաց նաեւ, որ «քիչ հավանական» է համարում տարածքների վերադարձման մասին պայմանավորվածությունների ձեռք բերումը:

«Ես դա հնարավոր չեմ համարում», - ճշտեց նա:

Լրագրողների հարցերին Սերժ Սարգսյանը պատասխանեց Հայաստանի պատմության թանգարանում: Այսօր պաշտպանության նախարարը թանգարանին հանձնեց Անդրանիկ զորավարի սուրը:

«Ինձ էր դիմել Ֆրանսիայի մի քաղաքացի` ազգությամբ հայ` ասելով, որ մի բրիտանացի ցանկանում է վաճառել Անդրանիկի թուրը եւ նրա մարտական պարգեւները: Բնականաբար, ես անտարբեր չէի կարող լինել. զեկուցեցի հանրապետության նախագահին, ստացա նրա հավանությունը, եւ, ինչպես տեսում եք, այս մասունքները արդեն Հայաստանում են», - ասաց նախարարը:

Հարցին, թե որքա՞ն է վճարվել այդ մասունքների համար, պաշտպանության նախարարը արձագանքեց, թե գումարի չափը տվյալ դեպքում շատ մեծ նշանակություն չունի. - «Շատ մեծ գումար չէ.. Որեւէ անօրինական բան այստեղ չկա, որեւէ օլիգարխի օգնություն չենք հայցել: [Գնել ենք] պաշտպանության նախարարության արտաբյուջետային միջոցների հաշվին»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG