Մատչելիության հղումներ

Ջորջ Բուշ. «Ամերիկյան ուժերը կմնան Իրաքում, քանի դեռ չեն ավարտել իրենց առաքելությունը»


Ռիգայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցող ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը երեկ հայտարարել է, որ ամերիկյան ուժերը կմնան Իրաքում այնքան ժամանակ, քանի դեռ չեն ավարտել իրենց առաքելությունը:

ԱՄՆ-ի նախագահը Իրաքն ու Աֆղանստանը անվանում է «ծայրահեղականության դեմ պատերազմի կենտրոնական ճակատ», այդ ճակատի հակառակ կողմում կանգնածներին՝ «ծայրահեղականներ, ովքեր ցանկանում են սպանել անմեղ մարդկանց»:

ԱՄՆ-ի նախագահը համաձայն չէ պնդումներին, որ Իրաքում արդեն սկսվել է քաղաքացիական պատերազմ, եւ սկսված արյունահեղության մեղքը բարդում է «Ալ-Ղաիդա»-ի կողմից հրահրվող կրոնական տարբեր խմբերի մրցակցության վրա:

Բուշը մերժում է Իրաքում արյունահեղության դադարեցմանն ուղղված այլ երկրների, մասնավորապես, Իրանի ջանքերը:

Նախկին պետքարտուղար Ջեյմս Բեյքերի եւ կոնգրեսական Լի Համիլթոնի կողմից ղեկավարվող «Իրաքի ուսումնասիրությունների հանձնախումբը» եկող ամիս, հավանաբար, հանդես կգա Իրանը ներգրավելու առաջարկությամբ:

Չնայած Բուշը երեկ Ռիգայում հայտարարեց, թե Իրաքն ինքն է վարում իր արտաքին քաղաքականությունը, եւ եթե բանակցում է հարեւան երկրների հետ, ուրեմն՝ այդպես է հարմար գտնում, սակայն իրականում դա նրան դուր չի գալիս: Ավելի վաղ նա ասել էր, որ Իրանն ու Սիրիան չպետք է հանդես գան որեւէ միջնորդությամբ:

Դեմոկրատները՝ հանձինս Ներկայացուցիչների պալատի ապագա նախագահ Նենսի Փելոսիի, պահանջում են, որպեսզի Բուշը Իրաքում բռնությունների դադարեցման ուղղությամբ սկսի աշխատել դեմոկրատների հետ, սակայն ԱՄՆ-ի նախագահը դեռեւս համառում է:


Արամ Վանեցյան, Լոս Անջելես

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG