Մատչելիության հղումներ

Ըստ ադրբեջանցի քաղաքագետի, ԱՊՀ-ի երկրների իշխանությունները մամուլի ոլորտում հետեւում են Ռուսաստանի օրինակին


Ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեի կարծիքով, անկախ եւ ընդդիմադիր լրատվամիջոցների դեմ իր երկրի իշխանությունների նախաձեռնած արշավը եւս մեկ անգամ ապացուցեց, որ ԱՊՀ-ի տարածքում իշխանավորները ամեն կերպ փորձում են հետեւել Ռուսաստանի օրինակին:

«Ռուսաստանը առաջատարն է այս առումով, եւ նրա արձակած իմպուլսներին, բացի Վրաստանից ու Ուկրաինայից, մնացած բոլոր երկրները հետեւում են, այդ թվում՝ Ադրբեջանը, Հայաստանը, Ուզբեկստանը», - ասում է ադրբեջանցի քաղաքագետը:

Շաբաթ օրը Բաքվի կենտրոնում գտնվող տարածքից զրկվեցին ընդդիմադիր երկու թերթեր, երկու օր անց սառեցվեցին ավելի վաղ արտոնագրից զրկված ANS հեռուստաընկերության բոլոր հաշվեհամարները: Այսօր արդեն ANS-ի ղեկավար Վագիֆ Մուստաֆաեւին կանչել են դատախազություն` հինգ տարի առաջ կասեցված եւ ընդամենը մի քանի օր առաջ վերաբացված քրեական գործի շրջանակներում վկայություն տալու համար:

Կոնկրետ ANS հեռուստաընկերության հետ տեղի ունեցածը, ըստ Ալիզադեի, առավելապես ներիշխանական պայքարի արդյունք է, եւ
ինչ ճակատագրի կարժանանա հեռուստաընկերության ղեկավարը` «կախված է նրանից, թե որքանով է նա խորացել իշխանության վերաձեւման համար ընթացող պայքարում»:

Հայաստանի մյուս հարեւանի` Վրաստանի լրատվական դաշտը եւս լուրջ վերաձեւումների շեմին է: Երեքշաբթի օրը մի շարք վրացական ու ռուսական թերթեր գրեցին, որ վրացական ամենահայտնի հեռուստաընկերությունը` «Ռուսթավի-2»-ը, փոխում է սեփականատիրոջը:

Տեղեկությունների համաձայն, Վրաստանի ամենանախագահամետ հեռուստաալիքի համբավը ձեռք բերած «Ռուսթավի-2»-ի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը ձեռք է բերել ռուսաստանցի վտարանդի գործարար Բորիս Բերեզովսկու վաղեմի բարեկամ ու բիզնես գործընկեր, Վրաստանի գործող իշխանությունների քննադատ Բադրի Պատարկացիշվիլին:

Վրացական աղբյուրները, սակայն, առայժմ զերծ են մնում կանխատեսումներից, թե որքանով է սեփականատիրոջ փոփոխությունն ազդելու հեռուստատաընկերության որդեգրած լրատվական քաղաքականության վրա:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG