Մատչելիության հղումներ

«Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունները կարող են հաստատվել առանց երրորդ ուժի մասնակցության»


Թուրք փորձագետի կարծիքով, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունները կարող են հաստատվել առանց երրորդ ուժի մասնակցության, «առանց պարտադրանքի` անգամ մինչեւ Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը»:

Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախաձեռնած քննարկման ընթացքում երեքշաբթի օրը թուրք փորձագետ Նիգար Գոկսելը Երեւանում ասաց, թե Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը էական ազդեցություն կարող է ունենալ նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վրա:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյո՞ք Թուրքիայի այսօրվա իշխանությունները հակված են երկխոսություն սկսելուն, արդյո՞ք հարաբերությունների կարգավորմանը, սահմանները բացելուն ուղղված քայլեր կատարվում են, թուրք փորձագետը արձագանքեց. - «Ներկայիս [Թուրքիայի] կառավարությունը Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ցանկությամբ է եկել իշխանության: Առաջնահերթությունը տրված է Եվրամիությանն անդամակցելու եւ դրանից բխող մի շարք այլ կարեւոր հարցերի լուծմանը»:

«Իսկ եթե Թուրքիան չդառնա Եվրոպական ընտանիքի անդամ, ապա հայ-թուրքական հարաբերություններն ավելի կվատանան, Թուրքիան կդառնա ավելի անկանխատեսելի, ավելի անկայուն, երկրի ազգայնականները կակտիվանան», - շարունակեց Գոկսելը:

Նիգար Գոկսելի կարծիքով, Հայաստանի ապագայի համար «նպաստավոր չի լինի, եթե Թուրքիան ստիպված լինի Եվրամիության փոխարեն այլ գործընկերներ փնտրել` ասենք, Իրանին եւ Ռուսաստանին»:

Դիտարկմանը, թե Հայաստանի իշխանությունները պարբերաբար հայտարարում են, որ իրենք Թուրքիայի առջեւ որեւէ նախապայման չեն դնում, թուրք փորձագետը հետեւյալ կերպ արձագանքեց. - «Օրինակ, եթե հայ պաշտոնյաներից մեկը հայտարարի, թե` ճանաչում ենք Թուրքիայի սահմանները, իրավիճակը կփոխվի»:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG