Մատչելիության հղումներ

Թուրքերի մեծամասնությունը ողջունում է Հայաստանի հետ հարաբերությունների հաստատումը` «որոշակի պայմաններով»


Թուրքերի ճնշող մեծամասնությունը կողջունի հարեւան Հայաստանի հետ հարաբերությունների հաստատումը՝ միայն Հայաստանի կողմից «որոշակի պայմանների» բավարարման դեպքում: Այդ են վկայում Թուրքիայում անցկացված հարցումների արդյունքները, որոնք հրապարակվել են երկուշաբթի օրը:

Turkish Daily News-ի վկայությամբ, Էրզրումում գործող «Ցեղասպանության անհիմն պնդումների դեմ պայքարի ընկերակցություն» կոչվող կազմակերպության կողմից 8 հազար 714 մարդու շրջանում անցկացված հարցումների մասնակիցների 82 տոկոսը դրական է տրամադրված Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու հարցում՝ «որոշակի պայմանների» բավարարման դեպքում, որոնցից են ցեղասպանության մասին «պնդումներից» հրաժարվելը եւ այդ «պնդումների համար Թուրքիայից ներողություն խնդրելը»:

Հարցման մասնակիցների 53 տոկոսը Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու պայմանների մի ամբողջ ցանկ է թվարկել, այդ թվում՝ թե հայերը պետք է թուրք ժողովրդից ներողություն խնդրեն Առաջին աշխարհամարտի ընթացքում «իրենց իրագործած կոտորածների համար», պետք է ոչնչացնեն «ենթադրյալ» ցեղասպանությանը նվիրված հուշարձանը Հայաստանում, պետք է խզեն իրենց հարաբերությունները հայկական սփյուռքի հետ, պետք է հրաժարվեն «այսպես կոչված» ցեղասպանությունից եւ պետք է դուրս գան Լեռնային Ղարաբաղից:

Հարցվածների 16 տոկոսը Հայաստանի հետ հարաբերությունների հաստատման համար բավարար է համարել Եվրոպայի եւ ԱՄՆ-ի հայկական սփյուռքի հետ Հայաստանի կապերի խզումը եւ ցեղասպանության «պնդումներից» հրաժարվելը, իսկ 6 տոկոսը հայտարարել է, թե «հայերը պետք է ներողություն խնդրեն թուրք ժողովրդից Առաջին աշխարհամարտի ընթացքում իրենց իրագործած կոտորածների համար»:

Հարցմամբ ընդգրկվածների 18 տոկոսը չի ցանկանում Հայաստանի հետ հարաբերությունների հաստատում ոչ մի պայմանով:

Այնուհանդերձ, չի հաղորդվում, թե թուրքերի քանի տոկոսն է ցանկանում Հայաստանի հետ հարաբերությունների հաստատում առանց որեւէ պայմանի:

Ընկերակցության ղեկավար Սավա Էղիլմեզը հարցման արդյունքները մեկնաբանել է որպես թուրքերի «ներողամտության» ապացույց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG