Մատչելիության հղումներ

Դեկտեմբերի վերջին տեղի կունենա մրցույթ, որի արդյունքներով կորոշվի, թե ինչ կկառուցվի կամ ինչ արձան կտեղադրվի մայրաքաղաքի Հանրապետության հրապարակում` Լենինի արձանի տեղում:

«Հանրապետության հրապարակում [Լենինի] արձանի, պատվանդանի դեմոնտաժից հետո տեղը թափուր մնաց, եւ միշտ վարչական տարբեր օղակներ նամակներ են գրվել հասարակության կողմից` ամեն մեկը ցանկություն է արտահայտել այդտեղ տեսնել որեւէ սիմվոլ մեր պետականության», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Հայաստանի ճարտապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը: - «Սա արդեն չորրորդ մրցույթն է, որը հայտարարվում-կայանում է, բայց որեւիցե արդյունք չի ունենում... Չկա դեռեւս մի նախագիծ, որ միանգամից նայվի եւ ասվի` այ սա կարելի է դնել»:

Դիտարկմանը, թե Ալեքսանդր Թամանյանի նախագծով այդ տեղում ոչինչ նախատեսված չի եղել, Մինասյանը արձագանքեց. - «Նախագծով այդտեղ կանաչ է ու մի փոքրիկ ջրավազան»:

Մինասյանի խոսքերով, ներկա մրցույթը «մի քիչ ավելի պրոֆեսիոնալ է», քան նախկինում տեղի ունեցածները:

Ներկայացված աշխատանքները խիստ տարբեր են` հայկական այբուբենի «Է» տառի արձանից մինչեւ հաղթակամարներ ու պատմական արձանախմբեր:

Հարցին, թե ո՞րն է մայրաքաղաքի կարեւորագույն ճարտարապետական խնդիրը, Մկրտիչ Մինասյանը պատասխանեց. թե հարկավոր է օր առաջ միջոցներ ձեռնարկել, որ «քաղաքը դեմքը չկորցնի»: Խոսքը, սակայն, հին պատմամշակութային շինությունների մասին չէ, որ անվերադարձ ոչնչացվել են. - «Ոչ թե էդքան հին... Թամանյանի հենց արված քաղաքի մեջ»:

Ասել է թե` գոնե կարողանանք պահպանել թամանյանական մտահղացումները:


Գայանե Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG