Մատչելիության հղումներ

Ավարտվել է Շահեն Հովասափյանի սպանության հետ կապված սուտ մատնության փաստի գործի նախաքննությունը


Հայաստանի գլխավոր դատախազության քննչական վարչությունն ավարտել է Հարկային պետական ծառայության օպերատիվ֊հետախուզական վարչության պետ Շահեն Հովասափյանի սպանության հետ կապված սուտ մատնության փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Հովասափյանը սպանվել է սեպտեմբերի սկզբին Երեւանի կենտրոնում՝ մեքենայի մեջ տեղադրված պայթուցիկ սարքի գործադրման հետեւանքով:

Ըստ դատախազության հաղորդագրության՝ «նախաքննությամբ պարզվել եւ հիմնավորվել է, որ Հայաստանի քաղաքացի, ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի օպերլիազոր Գեւորգյանը վրեժ լուծելու նպատակով սուտ մատնություն է կատարել՝ Ս.Արսենյանին եւ Ժ.Հայրապետյանին մեղադրելով Շահեն Հովասափյանի սպանության մեջ»:

«Գեւորգյանը, նախնական համաձայնության գալով իր ծանոթ՝ սահմանապահ զորքերի Բագրատաշենի հսկիչ անցագրային կետի պետի տեղակալ Ա.Մելիքյանի հետ, պատրաստել են անստորագիր նամակ եւ զեկուցագիր՝ քրեական գործ հարուցելու իրավասություն ունեցող մարմին հանձնելու համար, որոնցում նշվել են պայթուցիկ սարք ձեռք բերելու եւ Հովասափյանի սպանությունը կատարելու նպատակով իրացնելու ենթադրյալ հանգամանքները»,֊ - ասված է հաղորդագրության մեջ:

Ըստ դատախազության՝ սուտ մատնության նամակը Գեւորգյանը անձամբ գցել է Հայաստանում Իտալիայի դեսպանատան փոստարկղը, իսկ Մելիքյանն այդ նույն բովանդակությամբ իր վերադաս մարմնին հասցեագրած զեկուցագրում մտցրել է նաեւ ակնհայտ սուտ տեղեկություն՝ նշված ինֆորմացիայի աղբյուրի վերաբերյալ:

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG