Մատչելիության հղումներ

Գրեթե 14 միլիոն դոլար Ղարաբաղին՝ հերթական թելեթոնի արդյունքում


«Հայաստան» համահայկական հիմնադրամի Լոս Անջելեսում կազմակերպած ամենամյա հեռուստամարաթոնի ընթացքում հաջողվել է հավաքել 13,7 միլիոն դոլար՝ Լեռնային Ղարաբաղում վերականգնողական տարբեր ծրագրեր իրականացնելու համար:

Մինչ այդ՝ նոյեմբերի 15-֊17-֊ը, Հայաստանում անցկացված հեռախոսամարաթոնի ընթացքում հավաքել էր 35 միլիոն դրամ, իսկ Եվրոպայի 5 երկրներում՝ 1 միլիոն 100 հազար եվրո:

12 ժամ տեւած թելեթոնի ընթացքում նվիրաբերված գումարներն ուղղվելու են Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի վերականգնմանը: Շրջանում սոցիալ-տնտեսական պայմանների բարելավմանն ուղղված խոշորածավալ ծրագիրն ընդգրկելու է շրջանային հիվանդանոցի, մի շարք դպրոցների, նոր ջրագծերի եւ բաշխման ցանցերի կառուցում, ինչպես նաեւ գյուղատնտեսության զարգացման համապարփակ ծրագիր:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի մամլո քարտուղար Անուշ Բաբայանը «Ազատություն» ռադիոկայանին այսօր հայտնեց, որ համազգային հերթական հանգանակության ընթացքում հավաքված գումարը մոտ է կազմակերպիչների սպասելիքներին, որոնք հեռուստամարաթոնի սկզբում հայտարարում էին, որ ակնկալում են այս անգամ անցնել 15 միլիոն դոլարի սահմանը, ինչը խորհրդանշում է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի անկախությունների հռչակման 15-րդ տարեդարձը: Անցած տարվա համեմատությամբ, այս տարի հանգանակվել է գրեթե կրկնապատիկ ավելի գումար:

Հանգանակված 13,7 միլիոն դոլարի մեջ բավական մեծ է եղել խոշոր նվիրատվությունների տեսակարար կշիռը: Քըրք Քըրքորյանի «Լինսի» հիմնադրամը փոխանցել է 2 միլիոն դոլար` Արցախի ամբողջ տարածքում կրթական հաստատությունների համար ծախսելու նպատակով: 2 միլիոն դոլար է փոխանցել նաեւ «Փրոջեքթ քյուր» կազմակերպությունը՝ Հադրութի հիվանդանոցի համար: Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Ալբեր Բոյաջյանը իր ընկերոջ` Ջերի Թուրքանջյանի անունից հիմնադրամին է փոխանցել 1 մլն 250 հազար դոլար: Բարերար Վահե Կարապետյանն էլ նվիրաբերել է 1 միլիոն 500 հազար դոլար՝ Ամարասի ճանապարհի կառուցմանը: Ամերիկահայ բարերար Սարգիս Հակոբյանը նվիրաբերել է 550 հազար, իսկ Լուիզ Սիմոն Մանուկյանը՝ 500 հազար դոլար:

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը հիմնադրամին է փոխանցել 1 միլիոն դոլար՝ Ստեփանակերտում դպրոցի կառուցման համար:

Այս տարի Հայաստանը ապահովել է շուրջ 1 միլիոն դոլարի հանգանակություն: Հայաստանցի գործարարներից Միխայիլ Բաղդասարովը փոխանցել է 100 հազար դոլար, Սամվել Ալեքսանյանը եւ Ռուբեն Հայրապետյանը՝ 50 հազարական դոլար:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Ռուբեն Հայրապետյանը նշեց, թե ամեն տարի կատարում է հանգանակություն, եւ սա որեւէ կապ չունի նախընտրական տարվա հետ, ավելին՝ ինքը «որեւէ նախընտրական խնդիր չունի»:

Հիմնադրամի մամլո քարտուղարի հավաստմամբ, հայտնի գործարար Գագիկ Ծառուկյանը կամ նրա ղեկավարած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն առայժմ որեւէ հանգանակություն չեն արել:


Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG