Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Ո՞վ իր շարքերում ավելի շատ ակադեմիկոսացու կունենա՝ «Բարգավաճ Հայաստան» + ղարաբաղյան կլա՞նը, թե՞ Հանրապետականը. այս խնդիրն է այժմ որոշվում Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամների ընտրությունների նախաշեմին», - գրում է «Հայկական ժամանակ»-ը: - «Իհարկե՝ ոչ կարտոֆիլի տեսքով, ակադեմիայում արդեն սկսվել են նախընտրական «բարեգործությունները»: «Աշխատում են յուրաքանչյուր ձայնի վրա, կիրառում նախընտրական բոլոր տեխնոլոգիաները, եւ այս կերպ ակադեմիան պատրաստվում է շնորհել գիտնականի իր՝ գրեթե ամենաբարձր տիտղոսը», - նկատում է թերթը:

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպմանը անդրադառնալով` «Առավոտ» թերթի խմբագրականն այսօր կանխատեսել է. - «Դա իսկապես կլինի վերջին հանդիպումը ոչ միայն այս տարում, այլեւ առաջիկա 2 տարվա կտրվածքով, քանի որ Հայաստանում եւ Ադրբեջանում սպասվելիք ընտրությունների ժամանակ կողմերից ոչ մեկը տրամադրված չի լինի նույնիսկ ձեւ անել, թե բանակցում է, ինչպես դա անում են հիմա: Բանն այն է, որ երկու երկրներում չի գտնվի քաղաքական գործիչ, (իշխանամետ թե ընդդիմադիր ճամբարից), որը Հայաստանում կասի, թե որոշակի պայմաններով 7 շրջան վերադարձնելը ընդունելի է, կամ Ադրբեջանում կհայտարարի, որ Ղարաբաղի կարգավիճակը որոշող հանրաքվեն հնարավոր է»։

Պնդելով, թե «ժողովրդավարությունը հավասարապես անհրաժեշտ է թե՛ իշխանությանը եւ՛ հասարակությանը»` «Հայոց Աշխարհ» թերթի խմբագրականը նկատել է. - «Թե՛ իշխանությունը եւ թե՛ հասարակությունը համատեղ ջանքերով պետք է անեն ամեն ինչ, որպեսզի երկիրը գնալով ավելի ու ավելի համապատասխանի ժողովրդավարության ընկալման ժամանակակից չափանիշներին։ Եվ այստեղ չարախնդությունը այն առիթով, որ Հայաստանը ժողովրդավարության զարգացման մակարդակով 110-րդ տեղն է զբաղեցնում 167 երկրների ցանկում, անհեթեթ ու անպատեհ է։ Ավելին՝ կարող է առաջացնել միայն քամահրանքի զգացում»։

Առաջիկա քաղաքական գործընթացներում իշխանության հնարավոր վարքագիծն ուրվածգելով` «Իրավունք» թերթի գլխավոր խմբագիրն առանձնացրել է. - «Ամենայն հավանականությամբ, վարչախումբը, ինչ-որ պահի կփորձի ստեղծել պատրանք, որ արցախյան ուղղությամբ վտանգներ են առաջացել, եւ բարձրացնել ալիք, որ ժողովրդի ուշադրությունը կշեղի գործնականում բոլոր ներքին խնդիրներից»։ «Եթե պետք եղավ, սահմաններում մի քանի ավելորդ կրակոցներ էլ կհնչեն», - հեգնել է խմբագիրն ու հավելել. - «Սակայն ընդիմադիր տրամադրություններից բնակչությանը շեղելու այդ տարբերակն ինչ-որ տեղ նմանվում է կրակի հետ խաղալուն, քանզի զանգվածային ցանկացած բան կազմակերպելն իշխանության համար հեշտ է, բայց չկա որեւէ երաշխիք, որ այդ ամենը կմնա կառավարելիության տիրույթում»։

«Չորրորդ իշխանություն» թերթը, այսօր փոխանցելով «Քաղաքացիական անհնազանդություն» նախաձեռնության ծագումնաբանության սեփական վարկածը, շեշտադրել է. - «Ամեն անգամ, երբ Քոչարյանի գործերը լավ չեն լինում եւ վտանգ է առաջանում, որ ժողովուրդը դուրս կգա փողոց, որտեղից որտեղ հայտնվում է Աշոտ Մանուչարյանը եւ որեւէ էկզոտիկ «ֆորմատ» հորինում»։ «Արդյունքում ընդդիմության միավորումը չի ստացվում, տեղից վեր կացողն իրեն համազգային առաջնորդ է կարծում եւ իր «համազգային շարժումը» սկսում, եւ արդյունքում Քոչարյանը «թեթեւ վախով» պրծնում է։ Հետո, իհարկե, Աշոտ Մանուչարյանն անցնում է խոր ընդհատակ, բայց հենց որ իշխանությունների վիճակը վատանում է՝ նորից է հայտնվում։ Մի խոսքով, նրա գործն էլ մի գործ չէ», - հեգնել-ամփոփել է մեկնաբանը։

«Դոյչեբանկը կողոպտել եւ շահագործել է Մեծ եղեռնի զոհերին» վերնագիր տակ «Ազգ» թերթն այսօր գրել է, թե վերջին հաշվարկները ցույց են տալիս, որ «Օսմանյան կայսրությունում ապրած հայերն այն ժամանակ գերմանական ընկերությունում ունեցել են ավելի քան 20 մլն դոլար». - «Դոյչեբանկը երբեւէ այդ գումարը չի հանձնել Ցեղասպանության զոհերի իրավահաջորդներին: Ավելին, բանկը 1915-1917 թվականներին հայերին ստրկական շահագործման է ենթարկել` տաժանակիր պայմաններում աշխատեցնելով իրեն պատկանած Բեռլին-Բաղդադ երկաթուղու շինարարությունում: Այդ բանվորները հետագայում բնաջնջվել են Սիրիայի անապատներում»: Թերթը հավելել է, թե «ներկայումս Դոյչեբանկի նկատմամբ դատական գործի հարուցումն ընթացքի մեջ է»:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG