Մատչելիության հղումներ

Սուրբ Սոֆիայի տաճար ներխուժելով՝ թուրք ազգայնականները իրենց բողոքն են հայտնել Պապի առաջիկա այցի դեմ


Չորեքշաբթի օրը թուրքական ոստիկանությունը ձերբակալել է ազգայնական «Մեծ միաբանություն» կուսակցության 39 անդամների, որոնք Ստամբուլում գրավել էին Սուրբ Սոֆիայի տաճարը՝ ի նշան բողոքի ընդդեմ Հռոմի Բենեդիկտոս 16-րդ Պապի Թուրքիա կատարելիք այցի:

Տաճար ներխուժելուց հետո ազգայնականները նախ աղոթել են, ապա ընթերցել են հայտարարություն մամուլի համար: Դրանից հետո նրանք սկսել են վանկարկել կարգախոսներ՝ Պապի առաջիկա այցի դեմ:

Թուրքական ոստիկանությունը, մտնելով տաճար, արցունքաբեր գազ է օգտագործել ազգայնականներին ցրելու համար, ապա փակել է դռները՝ նրանց մոտ մեկ ժամ պահելով ներսում: Ոստիկանները, ի վերջո, ձերբակալել են նրանց:

Թուրքական «Չիհան» լրատվական գործակալության փոխանցմամբ, այցելությունը Սուրբ Սոֆիայի բյուզանդական տաճար, որը թուրքերը նախ վերածել էին «Այա Սոֆիա» մզկիթի, իսկ այժմ դարձել է թանգարան, նախատեսված է Պապի այցի ծրագրում:

Սեպտեմբերին Հռոմի Պապի՝ Գերմանիայում արած հայտարարությունները իսլամի մասին հարուցել էին մահմեդական աշխարհի վրդովմունքը:

Բավարիայի Ռեգենսբուրգ քաղաքում կարդացած դասախոսության ընթացքում Բենեդիկտոս 16-րդը կոչ էր արել «մտածել ջիհադի (սրբազան պատերազմի) իսլամական հայեցակարգի մասին, որը հակասում է բանականությանը եւ աստվածային էությանը»:

Ավելի ուշ Հռոմի կաթոլիկ եկեղեցու քահանայապետը ափսոսանք էր հայտնել, որ իր արտահայտությունները վիրավորել են մահմեդականներին:

Թուրք ազգայնականներին վրդովեցնում է նաեւ այն, որ Հռոմի կաթոլիկ եկեղեցու քահանայապետի առաջիկա այցի օրակարգում մեծ տեղ է գրավում Թուրքիայի քրիստոնյա փոքրամասնությունների վիճակի քննարկումը: Այդ նպատակով նախատեսված են Բենեդիկտոս 16-րդի հանդիպումները, մասնավորապես, Հույն ուղղափառ եկեղեցու Տիեզերական պատրիարք Բարդուղիմեոսի, Կ. Պոլսի Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի հետ:

Միաժամանակ, ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության հաղորդման համաձայն, Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Նամիք Թանը հավաստիացրել է, թե իր երկիրը կանի հնարավորը, որպեսզի Պապի այցելությունը հաջող անցնի: Նա ասել է, որ Բենեդիկտոս 16-րդի այցը «իսլամական աշխարհի եւ Արեւմուտքի միջեւ հարաբերությունները բարելավելու հարմար առիթ է»:

«Այցը մեծ նշանակություն ունի Թուրքիայի համար», - հայտարարել է Թանը եւ վստահեցրել. - «Մենք ձեռնարկել ենք անվտանգության բոլոր միջոցները»:

Թուրքիա կատարելիք այցը, որը կայանալու է նոյեմբերի 28-ից մինչեւ դեկտեմբերի 1-ը, Բենեդիկտոս 16-րդի առաջին այցն է մահմեդական երկիր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG