Մատչելիության հղումներ

Մոսկվայում հերթական բանկիրի սպանությունը Գարեգին Թոսունյանը համարում է իրավապահների անարդյունավետ աշխատանքի հետեւանք


Ռուսաստանյան բանկերի ասոցիացիայի նախագահ Գարեգին Թոսունյանը իրավապահ մարմինների ոչ բավարար արդյունավետ աշխատանքի հետեւանք է համարել Մոսկվայում հերթական բանկիրի սպանությունը:

Երեքշաբթի երեկոյան Մոսկվայում սպանվել է «Սպեցսետստրոյբանկ»-ի վարչության փոխնախագահ Կոնստանտին Մեշչերյակովը:

«Դա հասարակության քրեականացման մակարդակի, ինչպես նաեւ քրեականացման դեմ պայքարում իրավապահ մարմինների ոչ բավարար արդյունավետ աշխատանքի հետեւանք է», - հայտարարել է Թոսունյանը ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությանը:

Հարցին, թե արդյոք ստվերային տնտեսության մասնակիցներ չե՞ն իրենք՝ բանկերը, Թոսունյանը պատասխանել է, որ «ցանկացած ձեռնարկություն աշխատում է բանկի միջոցով, եւ բանկերը նույնիսկ չեն կարող փակել այս կամ այն, հնարավոր է՝ կասկածելի ընկերության հաշիվը»:

Միաժամանակ, նա շեշտել է, որ փողերի «լվացման» դեմ պայքարը բավարար չէ հասարակության քրեականացման դեմ պայքարելու համար. պետք է նաեւ արդյունավետ դարձնել իրավապահ մարմինների աշխատանքը:

Սա արդեն երրորդ բանկիրի սպանությունն է Մոսկվայում այս աշնանը: Սեպտեմբերին սպանվել է Ռուսաստանի Կենտրոնական բանկի փոխնախագահ Անդրեյ Կոզլովը, մեկ ամիս անց՝ «Վնեշտորգբանկ»-ի բաժանմունքներից մեկի ղեկավար Ալեքսանդր Պլոխինը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG