Մատչելիության հղումներ

Եվրամիությունը իր արեւելյան հարեւաններին առաջարկելու է «Օգնություն ժողովրդավարության դիմաց» ծրագիրը


Հաջորդ շաբաթ Եվրամիությունը հրապարակելու է իր նոր ռազմավարությունը արեւելյան հարեւանների` այդ թվում Հայաստանի հանդեպ, որով լրացուցիչ օգնություն եւ առեւտրային արտոնություններ է առաջարկելու այն երկրներին, որոնք կարագացնեն ժողովրդավարական բարեփոխումները:

Ինչպես հաղորդել է DPA գործակալությունը, նոյեմբերի 29-֊ին Եվրահանձնաժողովը կհրապարակի իր նոր ծրագիրը, որով նախատեսված է մոտ 300 միլիոն եվրո շնորհել այն երկրներին, որոնք կապացուցեն, որ ընթանում են ժողովրդավարության ճանապարհով: Շուրջ 700 միլիոն եվրո կնախատեսվի այդ երկրներում ներդրումներ կատարելու նպատակով:

Եվրամիությունը նաեւ թույլ կտա նման երկրներին ավելի մեծ մասնակցություն ունենալ Եվրամիության առեւտրային եւ տնտեսական քաղաքականության մեջ:

«Մենք պետք է մեր արեւելյան հարեւաններին պարգեւենք նույն արտոնությունները, ինչ վայելում են մեր հարավային հարեւանները՝ Միջերկրածովյան պետությունները»,֊ - ասել է եվրոպացի մի դիվանագետ, որը ցանկացել է անանուն մնալ:

Եվրամիությունը նաեւ խոստանալու է դյուրացնել վիզային ռեժիմը այն երկրների հետ, որոնք համաձայնագրեր կկնքեն Եվրամիությունում ապօրինաբար գտնվող իրենց քաղաքացիներին ընդունելու մասին:

Եվրամիության արեւելյան հարեւաններ են համարվում Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Բելառուսը, Ուկրաինան եւ Մոլդովան:

Անցած շաբաթ Հայաստանը, Վրաստանը եւ Ադրբեջանը Բրյուսելում անհատական գործողությունների ծրագրեր հաստատեցին Եվրամիության նոր հարեւանության քաղաքականության շրջանակներում:

Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին անցած շաբաթ «Ազատություն» ռադիոկայանին ասել էր, որ Եվրամիությունը մեծ ուշադրությամբ է հետեւելու Հայաստանում սպասվող խորհրդարանական եւ նախագահական ընտրություններին. - «Սրանք կարեւոր քննություն են լինելու Հայաստանի համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG