Մատչելիության հղումներ

logo-print

Լիբանանահայ համայնքը մտահոգված է նախարար Ժմայելի սպանության կապակցությամբ


Լիբանանի արդյունաբերության նախարար Պիեր Ժմայելի սպանությունից հետո առանց այդ էլ սրված իրավիճակը երկրում էլ ավելի է շիկացել: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Բեյրութում լույս տեսնող «Ազդակ» օրաթերթի խմբագիր Շահան Քանդահարյանը, լիբանանահայ համայնքը շատ մտահոգված է տեղի ունեցածով:

«Բողոքի, դատապարտման ալիքները դեռեւս շարունակվում են», - ասաց Շահան Քանդահարյանը: - «Արդեն իսկ բավական լարված կացություն գոյություն ուներ Լիբանանում իշխանության եւ ընդդիմության միջեւ: Ընդդիմությունը կառավարությունը տապալելու եւ ազգային միասնության կառավարություն ստեղծելու կարգախոսներով լուրջ շարժում նախապատրաստելու ընթացքի մեջ էր, երբ տեղի ունեցավ այս պատահարը»:

«Լիբանանահայ համայնքը, ինչպես եւ լիբանանցի ամբողջ ժողովուրդը, բնականաբար, անհանգիստ է այս իրավիճակից», - շեշտեց «Ազդակ» օրաթերթի խմբագիրը՝ պարզաբանելով. - «Լիբանանի դեմ Իսրայելի սանձազերծած պատերազմից հետո, երբ սպասվում էին վերականգնողական աշխատանքներ եւ կայունության հաստատում, հիմա ներքաղաքական այս լարված իրավիճակը եւ այս տխուր պատահարների վերադարձը բավական մտահոգիչ կացություն եւ հեռանկարային անորոշություն է ստեղծում ինչպես Լիբանանի ամբողջ ժողովրդի, այնպես էլ լիբանանահայ համայնքի համար»:

Քրիստոնյա նախարար Պիեր Ժմայելը սպանվել է երեքշաբթի օրը՝ Լիբանանում ստեղծված քաղաքական ճգնաժամի պայմաններում, երբ կառավարության սիրիամետ 6 անդամներ հրաժարական էին ներկայացրել:

Երիտասարդ նախարարի վրա կրակ են բացել Բեյրութի արվարձաններից մեկում՝ այն պահին, երբ նա մոտեցել է մեքենային: Ապա գրոհայինները փախուստի են դիմել:

Պիեր Ժմայելը Լիբանանի նախկին նախագահ Ամին Ժմայելի որդին է:

Ժմայելի սպանության դատապարտմանը ԱՄՆ-ից եւ Մեծ Բրիտանիայից հետո այս գիշեր միացել է նաեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, որը նաեւ հաստատել է միջազգային հատուկ տրիբունալի ծրագրերը, որոնցով կքննվեն Լիբանանի նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանության գործով կասկածյալները:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG