Մատչելիության հղումներ

Մինսկի խմբի համանախագահների հայաստանյան այցից հետո նախագահների հանդիպման մասին ոչինչ չի հաղորդվում


ԵԱՀԿ֊-ի Մինսկի խմբի այսօրվա երեւանյան այցից հետո առայժմ տեղեկատվություն չի հաղորդվում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպման մասին:

Այսօր Մինսկի խմբի ռուսաստանցի եւ ֆրանսիացի համանախագահներ Յուրի Մերզլյակովը եւ Բերնար Ֆասյեն հանդիպել են Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ: Ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան Երեւան չի ժամանել:

Օրերս Վարդան Օսկանյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնել էր, որ համանախագահներն իրենց տարածաշրջանային այցի ընթացքում առաջարկելու են երկու նախագահներին հանդիպել նոյեմբերի 28֊-ին՝ ԱՊՀ-֊ի գագաթնաժողովի շրջանակներում:

Համանախագահները Երեւանից մեկնել են Բաքու: Վերլուծաբանների կարծիքով՝ երկու նախագահների հնարավոր հանդիպման մասին կարող է հայտարարվել համանախագահների եւ Իլհամ Ալիեւի հանդիպումից հետո:

Անցած շաբաթ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր, թե «դժբախտաբար, չնայած ընթացող ակտիվ բանակցություններին, լավատեսության համար քիչ հիմք կա»:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG