Մատչելիության հղումներ

Հոլանդիայի խորհրդարանական ընտրություններում առաջադրվել են ծագումով թուրք 12 թեկնածուներ


Թուրքական ծագում ունեցող 12 թեկնածուներ՝ 7 տարբեր կուսակցություններից, կմասնակցեն վաղը Նիդերլանդներում անցկացվելիք խորհրդարանական ընտրություններին: Հաղորդելով այս մասին՝ թուրքական «Չիհան» լրատվական գործակալությունը հիշեցնում է, որ եւս 3 թուրք թեկնածուներ դուրս են մնացել իրենց կուսակցությունների ցուցակներից՝ Հայոց ցեղասպանությունը չճանաչելու համար:

Թուրք թեկնածուներ են առաջադրվել Քրիստոնեա-դեմոկրատական, Լեյբորիստական, «Դեմոկրատ-66», Ազատական եւ մի քանի ավելի փոքր աջակողմյան կուսակցություններից:

Մոտ 12 միլիոն հոլանդացի ընտրողները չորեքշաբթի օրը ընտրելու են խորհրդարանի 150 պատգամավորների: Ակնկալվում է, որ ընտրություններին մասնակցող 26 կուսակցություններից հիմնական պայքարը կընթանա աջակողմյան Քրիստոնեա-դեմոկրատական եւ գլխավոր ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցությունների միջեւ:

Ըստ կանխատեսումների, թուրքական ծագում ունեցող ընտրողների մեծամասնությունը ձայնը կտա «Դեմոկրատ-66» կուսակցությունից առաջադրված Ֆաթմա Քոզերին:

Նիդերլանդների թուրք քաղաքացիներից ավելի քան 250 հազարը ունեն երկքաղաքացիություն եւ մոտ երկու երրորդը ունեն ձայնի իրավունք: Հոլանդական խորհրդարանում կան մի քանի թուրք պատգամավորներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG