Մատչելիության հղումներ

«Էկոնոմիստ»-ի հետազոտական խմբի գնահատմամբ՝ Հայաստանը ժողովրդավարության մակարդակով 110-րդ տեղում է


«Էկոնոմիստ» հանդեսի վերլուծական խմբի գնահատմամբ` Հայաստանը ժողովրդավարության մակարդակով այսօր 110-րդ տեղում է աշխարհի 167 պետությունների թվում:

Բրիտանացի վերլուծաբանները նշում են, որ Հայաստանը «խառը ռեժիմ» ունեցող պետությունների թվում է` Վրաստանի, Ռուսաստանի, Թուրքիայի հետ միասին: Պետությունների այս խմբի բնորոշ հատկանիշը կառավարման ինչպես ժողովրդավարական, այնպես էլ ավտորիտար տարրերի առկայությունն է:

Հրապարակված ցուցակում առանձին-առանձին դիտարկվում են մի շարք ցուցանիշներ, որոնք գնահատվում են 10-բալլանոց սանդղակով: Հայաստանի պարագայում ընտրական գործընթացին ու բազմակարծության աստիճանին տրված գնահատականը բավական ցածր է` ընդամենը 4,33 կամ նույն գնահատականը, ինչ Ուգանդայինը կամ Քենիայինը:

Կառավարության գործունեության արդյունավետությունը, ըստ «Էկոնոմիստ»-ի վերլուծաբանների, Հայաստանում էլ ավելի ցածր է` 3,13: Գրեթե նույն ցուցանիշն է նաեւ քաղաքական մշակույթի կայացման առումով:

Միակ ցուցանիշը, որտեղ Հայաստանին համեմատաբար բարձր գնահատական է տրված, քաղաքացիական ազատությունների մակարդակն է: Այս ցուցանիշով Հայաստանի վիճակը շատ ավելի բարվոք է, քան հարեւան Թուրքիայինը կամ Ռուսաստանինը:

2007 թվականի շեմին «Էկոնոմիստ»-ի հետազոտական խումբը որոշել է հատուկ կարծիքով հանդես գալ մի շարք պետությունների վերաբերյալ, որտեղ հնարավոր են բացասական տեղաշարժեր: 8 պետություններից կազմված այս ցուցակում տեղ է գտել նաեւ Հայաստանը:

«Էկոնոմիստ»-ի գնահատմամբ`«2007-ի մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունները կարող են անցնել լուրջ թերություններով, ինչը երկիրը հետ կգլորի դեպի կառավարման ավտորիտար վարչակազմ»:

«Էկոնոմիստ»-ի հրապարակած ցուցակում ավտորիտար երկրների թվում է հայտնվել նաեւ Հայաստանի հարեւան Ադրբեջանը. այն զբաղեցրել է 129-րդ տեղը:

Ըստ բրիտանացի փորձագետների, այսօր աշխարհի բնակչության միայն 13 տոկոսն է ապրում լիակատար, կայացած ժողովրդավարական պետություններում:

«Էկոնոմիստ»-ի հրապարակված այս ցուցակը ըստ պետությունների թվի դիտարկելու դեպքում կարելի է բացահայտել, որ աշխարհում ամենամեծ թիվը կազմում են կառավարման ավտորիտար համակարգ ունեցող պետությունները` ընդհանուր առմամբ, դրանք 55-ն են: Հայաստանի նման «խառը ռեժիմ» ունի 30 պետություն:

Աշխարհի ամենադեմոկրատական պետությունը Շվեդիան է: Ցուցակում վերջինը Հյուսիսային Կորեան է:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG