Մատչելիության հղումներ

Արա Աբրահամյանի համոզմամբ, հայերի սպանությունները Ռուսաստանում զուտ հայատյացության դրսեւորումներ չեն


Ռուսաստանի հայերի միության նախագահ, ռուսաստանաբնակ մեծահարուստ Արա Աբրահամյանը երկուշաբթի օրը Երեւանում հայտարարեց, որ պետք չէ մտածել, թե «Ռուսաստանում միայն հայերին են սպանում», եւ վկայակոչեց վիճակագրությունը, թե այլ ազգերի ներկայացուցիչները Ռուսաստանում ավելի շատ են հարձակումների ենթարկվում:

«Ես շատ-շատ եմ ժամանակ տրամադրում այդ հարցին, որովհետեւ իրոք սպանում են: Մեկ հայն էլ շատ է, որ սպանում են», - ասաց Աբրահամյանը: - «Ռուսաստանը մեծ պետություն է: Հայերին սպանում են ոչ միայն նրա համար, որ իրենք հայ են: Նրանք սպանում են իրենց գույնից ելնելով` մազերի գույնը որ այդպես չէ: Չկա մի միտումնավոր [հայի] սպանություն: Եթե համեմատենք ադրբեջանցիների կամ վրացիների հետ, մենք վերջին տեղն ենք գրավում»:

Աբրահամյանի պնդմամբ` քանի որ Ռուսաստանի հայերի միությունը «ամենակազմակերպված կազմակերպությունն է Ռուսաստանում», ինքը «ուղիղ 5 րոպե հետո» տեղեկացվում է, թե «որտեղ ինչ սպանություն է կատարվել»: Եվ Ռուսաստանի հայերի միությունը, որը ունի հմուտ փաստաբանների թիմ, «անմիջապես հսկողության տակ է վերցնում» այդ դեպքերի հետաքննությունը:

Նա ընդունեց, որ ռուսաստանյան իրավապահ մարմինները երբեմն փորձում են «ավելի մեղմ» ներկայացնել կատարված հանցագործությունները, ինչը, նրա խոսքերով, չի նշանակում, թե Ռուսաստանի իշխանությունները խրախուսում են նման գործողությունները:

«Մեծ աշխատանք է տարվում, մեծ ուշադրություն է [հատկացվում] Ռուսաստանի նախագահի կողմից», - վստահեցրեց Աբրահամյանը: - «Մենք էլ ենք աշխատում: Առաջին հերթին ես եմ ամենաբարձր ձայնով գոռում. հավաքում եմ ժուռնալիստներին, ասում եմ, մեղադրում եմ»:

Հարցին, թե ինչ տեղեկություն ունի անցած հինգշաբթի Մուրմանսկում սպանված հայ գործարար, Ռուսաստանի հայերի միության տարածաշրջանային կառույցի ղեկավար Արթուր Հարությունյանի սպանության գործի առնչությամբ, Աբրահամյանը արձագանքեց. - «Դա մեզ համար մեծ կորուստ էր: Ընթանում է քննություն: Դա մեր հատուկ ուշադրության կենտրոնում է գտնվում: Ես ինքս խոսել եմ դատախազի հետ, ես ինքս զբաղվելու եմ մինչեւ վերջ: Այսօր կարծիք հայտնելը շատ շուտ է...»:

Այդուհանդերձ, Աբրահամյանն ասաց, թե Արթուր Հարությունյանի սպանությունը «հայ լինելու հետ կապ չունի». նա մեծ գործարար էր եւ, ամենայն հավանականությամբ, «շահերի բախում է տեղի ունեցել»:

Ռուսաստանի հայերի միության նախագահը դժգոհեց, որ նմանատիպ դեպքերը կանխելու համար իրենք Հայաստանի աջակցությունը չեն ստանում:

«Ոչ Հայաստանի, ոչ սփյուռքի [աջակցությունը] ընդհանրապես չենք զգում... Օրինակ` եթե այստեղ նման սպանությունների դեպքում ասեին, քննարկեին, հրավիրեին Ռուսաստանի դեսպանին...», - ասաց նա` պնդելով, որ ցանկացած նման դեպքին Հայաստանը պետք է արձագանքի:

Հաջորդ տարի Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին Արա Աբրահամյանի ղեկավարած Ռուսաստանի հայերի միությունը մասնակցելու է: Աբրահամյանի խոսքերով, այսօր Ռուսաստանում ապրում են 500 հազարից ավելի Հայաստանի քաղաքացիներ, ովքեր Ռուսաստանի հայեր միության անդամներ են: Այնպես որ, միությունը պետք է մասնակցի ընտրական գործընթացներին եւ հայտնի իր կարծիքը:

Թե հայաստանյան քաղաքական ուժերից որին է սատարելու Ռուսաստանի հայերի միությունը, կազմակերպությունը կհայտարարի 2007 թվականի հունվարին` Հայաստանի քաղաքական դաշտն ուսումնասիրելուց հետո:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG