Մատչելիության հղումներ

Ռուսաստան - Վրաստան ռազմական համագործակցության երկկողմ ծրագիր չի ստորագրվի


Ռուսաստանի պաշտպանության նախարարության բարձրաստիճան ներկայացուցչի պնդմամբ` Ռուսաստանի զինվորական ղեկավարությունը չի ծրագրում 2007 թվականին պաշտպանական գերատեսչությունների գծով համագործակցել Վրաստանի հետ:

Անանուն պաշտոնյան ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությանը ասել է, թե նոյեմբերի 23-ին Բրեստում կայանալիք ԱՊՀ-ի պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստում ծրագրված է 2007 թվականին պաշտպանական գերատեսչությունների գծով երկկողմ համագործակցության պլաններ ստորագրել Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի հետ:

«Ուկրաինային հետ այդ փաստաթուղթը ստորագրվելու է Կիեւում`[Ռուսաստանի պաշտպանության նախարար] Սերգեյ Իվանովի դեկտեմբերյան այցի ընթացքում», - հավելել է նա` շարունակելով. - «Վրաստանի պաշտպանության նախարարության հետ 2007 թվականի համար համագործակցության պլանի ստորագրում չի ծրագրվում»:

Պաշտոնյան նշել է նաեւ, որ վրաստանյան կողմը հրաժարվել է մասնակցել ԱՊՀ-ի պաշտպանության նախարարների խորհրդի առաջիկա նիստին, ինչը «եւս մեկ անգամ վկայում է, որ Թբիլիսին ամենեւին հետաքրքրված չէ ռազմական գծով նորմալ հարաբերություններ պահպանել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ ողջ Համագործակցության հետ»:

ԱՊՀ-ի պաշտպանության նախարարների խորհրդի նիստին հայաստանյան պատվիրակությունը կգլխավորի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը:

«Այցերի ընթացքում նախատեսվում են մի շարք երկկողմ հանդիպումներ, ինչպես նաեւ 2007 թվականի ռազմական համագործակցության ծրագրերի ստորագրում Ռուսաստանի Դանշության, Բելառուսի եւ Ուկրաինայի պաշտպանության նախարարների հետ», - ասված է Հայաստանի պաշտպանության նախարարի խոսնակ Սեյրան Շահսուվարյանի` այսօր տարածած հաղորդագրության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG