Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի օգնական Մեթյու Բրայզան այսօր միջնորդական այցով ժամանել է Թբիլիսի:

Նախօրեին Բրայզան Վիեննայում ասել է, որ Վաշինգտոնում Վրաստանը չեն դիտարկում իբրեւ հակակշիռ Ռուսաստանին:

«Անհեթեթություն կլիներ մտածել, թե Վրաստանն արժեք ունի որպես հակակշիռ Ռուսաստանին: Վրաստանն արժեք ունի, որովհետեւ Վարդերի հեղափոխությունից հետո երեք տարի էլ չի անցել, սակայն երկրում արդեն ակնհայտ են փոփուխութունները», - ասել է Բրայզան: Նրա խոսքերով, Միացյալ Նահանգները ցանկանում է համագործակցել Վրաստանի հետ:

«Վրաստանի պատասխանատվությունն է առաջ գնալ այնպիսի ճանապարհով, որը կպահովի տարածքային ամբողջականութան վերականգնումը, թույլ կտա շարունակել դեմոկրատական եւ շուկայական բարեփոխումները, քանզի դեռ շատ բան կա անելու, ինչպես նաեւ` ապահովել Ռուսաստանի հետ խաղաղ գոյակցություն», - ասել է Բրայզան` հավելելով. - «Ռուսաստանն էլ դրա համար պատասխանատվության իր բաժինն ունի»:

«Մենք միջազգային ասպարեզում Ռուսաստանին հորդորում ենք ավելի ակտիվ դեր խաղալ հակամարտությունների քաղաքական կարգավորման հարցում: Միաժամանակ Վրաստանն էլ պարտավոր է համոզել անջատողականներին, որ արժե Վրաստանի կազմում մնալ», - ասել է Բրայզան:

«Ասոշիեյթեդ փրես» գործակալությունը նշում է, որ երեքշաբթի օրը Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հերքել է Ռուսաստանում հնչող հայտարարությունները, թե Թբիլիսին հակված է ուժով վերականգնել հսկողությունը Աբխազիայի եւ Հարավային 0սիայի նկատմամբ: Սահակաշվիլին միջամտելու կոչով դիմել է Եվրոպային եւ ասել է, որ «Վրաստանի ու Ռուսաստանի միջեւ առճակատումը սրվում եւ դառնում է եվրոպական վտանգ»:

Այս առումով Մեթյու Բրայզան Վիեննայում ասել է. - «Վրաստանում առճակատումը որոշ չափով եվրոպական խնդիր է, սակայն ի վերջո Վրաստանը պետք է կարգավորի այդ խնդիրը»:

Այսօր Թբիլիսիում նա ասել է, որ մտադիր է այցելել Սուխումի: «Բրայզայի այցի գլխավոր նպատակը վրաց-աբխազական բանակցային գործընթացի ակտիվացումն է», - հայտնել է Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանությունը:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը նշում է, որ Բրայզան նախկինում արդեն մի քանի անգամ այցելել է Թբիլիսի եւ Սուխումի:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG