Մատչելիության հղումներ

Դեմոկրատները Ներկայացուցիչների պալատի խոսնակ ընտրեցին Նենսի Փելոսիին


Ինչպես եւ սպասելի էր, հինգշաբթի օրը դեմոկրատները ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ ընտրեցին Կալիֆոռնիան ներկայացնող կոնգրեսական Նենսի Փելոսիին:


«Ինձ համար մեծ պատիվ է դառնալ Ներկայացուցիչների պալատի առաջին կին նախագահը, սակայն մեծ երջանկություն է եւ մեծ ուրախություն, որ ես Պալատի դեմոկրատ նախագահն եմ», - հայտարարեց կոնգրեսականը:

Նենսի Փելոսին Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի առաջին անդամն է, որը զբաղեցնելու է Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնը:

Բաց քվեարկությամբ՝ ձայների 149 կողմ եւ 86 դեմ հարաբերակցությամբ, Պալատի դեմոկրատական մեծամասնության ղեկավար ընտրվեց Սթենլի Հոյերը, չնայած Փելոսիի համար այդ պաշտոնում նախընտրելի թեկնածուն Իրաքյան պատերազմի երդվյալ հակառակորդ Ջոն Մըրթան էր:

Հոյերը, որը Կոնգրեսում աշխատել է 25 տարի, նույնպես հայանպաստ կոնգրեսական է եւ Հայկական հարցերով հանձնախմբին է միացել դեռեւս 2000 թվականին: 1981 թվականին առաջին անգամ ընտրվելուց հետո Հոյերը հանդես է եկել ցեղասպանության հարցով մի քանի հայտարարություններով, եղել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծի համահեղինակներից, պաշտպանել է «Ազատության աջակցության ակտի» թիվ 907 ուղղումը:

Դեմոկրատներն իրենց ղեկավարներին ընտրեցին գալիք երկու տարիների համար: 110-րդ Կոնգրեսը աշխատանքները կսկսի 2007 թվականի հունվարին: Այդ ժամանակ էլ նորընտիր ղեկավարությունը պաշտոնապես կստանձնի իր պարտականությունները:


Արամ Վանեցյան, Լոս Անջելես

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG