Մատչելիության հղումներ

Յուրի Մերզլյակով. «Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները կհանդիպեն Մինսկում»


Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 28-֊ին Մինսկում՝ ԱՊՀ-֊ի գագաթնաժողովի շրջանակներում: Այդ մասին հինգշաբթի օրը Վիեննայում ԻՏԱՌ֊-ՏԱՍՍ֊-ին հայտնել է ԵԱՀԿ֊-ի Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը:

Նրա վկայությամբ՝ նման համաձայնություն է ձեռք բերվել երկու օր առաջ Բրյուսելում՝ երկու երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակ:

Նախօրեին Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնել էր, որ նախագահների հանդիպման հարցը վերջնականապես կհստակվի միայն համանախագահների` հաջորդ շաբաթ տարածաշրջան կատարելիք այցից հետո:

Յուրի Մերզլյակովը Մինսկի խմբի համանախագահների անունից կոչ է արել երկու երկրների նախագահներին՝ օգտվել եզակի առիթից եւ համաձայնություն ձեռք բերել ղարաբաղյան հակամարտության կարգավորման սկզբունքների շուրջ, քանզի հաջորդ տարի նման հնարավորություն չի ընձեռվելու: Նա փաստել է, որ 2007-֊2008 թվականներին Հայաստանում եւ Ադրբեջանում ընտրություններ են տեղի ունենալու, ինչը բացասաբար է ազդելու բանակցային գործընթացի վրա:

«Բացի այդ, առանցքային քաղաքական դեմքերը, ովքեր հայկական կողմից վերջին տասը տարվա ընթացքում մասնակցել են բանակցություններին, հաջորդ տարի սկսելու են դուրս մնալ բանակցային գործընթացից», - ասել է Մերզլյակովը` չմանրամասնելով, սակայն, թե ում մասին է խոսքը:

Վերջին տարիներին ղարաբաղյան բանակցություններին բարձր մակարդակով մասնակցել են միայն Հայաստանի նախագահը եւ արտգործնախարարը: Նախագահական ընտրությունները Հայաստանում կայանալու են 2008 թվականին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG