Մատչելիության հղումներ

«Թուրքիայի արտաքին քաղաքական օրակարգում նոր հարցեր են հայտնվում»


Ստամբուլում լույս տեսնող «Մարմարա» օրաթերթի գլխավոր խմբագիր Ռոբեր Հատտեճյանի խոսքերով, թուրքական կառավարությունը սկսել է խորհրդակցել իրավաբանների հետ, թե արդյո՞ք հնարավոր է Հայաստանին հրավիրել միջազգային դատարան եւ պարզել Ցեղասպանություն եղե՞լ է, թե՞ ոչ:

«Թուրքիայի արտաքին քաղաքական օրակարգում նոր հարցեր են հայտնվում», - «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասաց Հատտեճյանը: Նրա կարծիքով, Թուրքիան այսօր ավելի շատ մտածում է «Հայաստանի եւ Ֆրանսիայի հետ իր ունեցած հարցերը պարզել իրավական հարթությունում»: «Մարմարա»-ի խմբագրի փոխանցմամբ, Թուրքիան բավական երկար ժամանակ խուսափում էր դիմել դատական ատյաններին, սակայն վերջերս, նաեւ տեղի ընդդիմության պահանջով, թուրքական կառավարությունը սկսել է խորհրդակցել իրավաբանների հետ, թե արդյո՞ք հնարավոր է Հայաստանին հրավիրել միջազգային դատարան եւ պարզել Ցեղասպանություն եղե՞լ է, թե՞ ոչ:

Թերթի խմբագիրը տեղեկացրեց, որ թուրք դիվանագետներից մեկը անգամ կարծիք է հայտնել, թե Հայաստանի փոխարեն իրավական դաշտ պետք է հրավիրել Ցեղասպանության ժխտումը քրեորեն հետապնդելի արարք դիտարկող օրինագիծ ընդունած Ֆրանսիային: Ավելին, նա հայտարարել է, թե նույնիսկ Միացյալ Նահանգներին պետք է հասկացնել, որ նրանք եւս կարող են հայտնվել դատարանի առջեւ` եթե մոտ ապագայում դեմոկրատների ազդեցության տակ ԱՄՆ-ի կոնգրեսն ընդունի Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ:

Անդրադառնալով Ֆրանսիայի հետ ռազմական հարաբերությունները կասեցնելու մասին Թուրքիայի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատար Իլքեր Բաշբուղի հայտարարությանը` Հատտեճյանը ասաց, թե երբ Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատն ընդունեց ցեղասպանության մերժումը քրեորեն հետապնդող բանաձեւը, թուրքական տարբեր շրջանակներում բարձրաձայնվեց, թե Թուրքիան պետք է վերանայի Ֆրանսիայի հետ իր քաղաքական, առեւտրատնտեսական եւ ռազմական հարաբերությունները:

«Ավելի ուշ ընդգծվեց, որ պետք է ավելի ուշադիր լինել, քանի որ յուրաքանչյուր միջոցառում կարող է անդրադառնալ Թուրքիայի վրա, որովհետեւ Ֆրանսիայում այսօր տասնյակ հազարավոր թուրքեր են աշխատում: Այդպիսով հանրությանը զգուշացված էր, որ բոլոր տեսակի բողոքի ակցիաները կարող են իրականացվել միայն պետական մակարդակով», - ասաց նա` հավելելով, թե զինվորականների նման քայլը պարզապես զգուշացնող բնույթ ունի, եւ «եթե հանկարծ հակասի երկրի շահերին, բնականաբար, կվերանայվի»:


Հովհաննես Շողիկյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG