Մատչելիության հղումներ

Բաքվում ոստիկանները ցրել են ընդդիմության ցույցը


Ադրբեջանի ոստիկաններն այսօր Բաքվում ցրել են ցույցը, որը կազմակերպել էր ընդդիմադիր Ժողովրդական ճակատը՝ ի նշան երկրում մամուլի ազատության ոտնահարման դեմ բողոքի: Ցույցին մասնակցել է շուրջ 60 մարդ:

Ցուցարարները հավաքվել են Ադրբեջանի մայրաքաղաքի կենտրոնում եւ վանկարկել՝ «Ազատություն»: Ոստիկանները փորձել են նրանց մղել դեպի մետրոյի մոտակա կայարանի մուտքը, սակայն ցուցարարներն ամեն անգամ փախուստի են դիմել, ապա նորից են հավաքվել ու վանկարկել նույն կարգախոսը:

«Մենք բողոքում ենք Ադրբեջանում մամուլի, մասնավորապես, «Ազադլիգ» պարբերականի վրա գործադրվող ճնշումների դեմ, մենք իշխանությունների գործողությունները գնահատում ենք որպես Ադրբեջանում անկախ մամուլը քայքայելու փորձ», - ասել է Ժողճակատի խոսնակ Իսակ Ավազօղլուն:

«Ասոշիեյթեդ փրես» գործակալության փոխանցմամբ, ոստիկանները, ի վերջո, ուժով են ցրել ցույցը: Առնվազն 4 մարդ ձերբակալվել է: Բաքվի ոստիկանության հանրային անվտանգության բաժնի ղեկավար Շամիլ Սեիդլին ասել է, որ ցույցն արտոնված չէր:

«Ազադլիգ»-ը լույս է տեսնում 9 հազար տպաքանակով: Իշխանությունները թերթից պահանջում են մարել պարտքը, որը գոյացել է գրասենյակը վարձակալելու ընթացքում: Գումարը հասնում է մի քանի հազար եվրոյի: Ժողճակատը, որը նույն շենքում գրասենյակ ունի, կարող է նույնպես վտարվել:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG