Մատչելիության հղումներ

Ադրբեջանում ձերբակալվել են Մոհամեդ մարգարեին վիրավորած լրագրողները


Դատարանի որոշմամբ, Բաքվում ձերբակալվել են հրապարակախոս Ռաֆիկ Թաղին եւ «Սենեթ» թերթի գլխավոր խմբագիր Սամուր Սադաղաթօղլուն` Մոհամեդ մարգարեին վիրավորելու մեղադրանքով:

Ադրբեջանի գլխավոր դատախազության խոսնակը «Ինտերֆաքս» գործակալությանը ասել է, որ լրագրողներին առաջադրվել է ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք սերմանելու մեղադրանք եւ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը:

Մեղադրանքը հաստատվելու դեպքում լրագրողները կարող են դատապարտվել մինչեւ 5 տարվա ազատազրկման:

Տեղական դիտորդների համոզմամբ` սա «ադրբեջանական իշխանությունների կողմից լրատվամիջոցների հետապնդման շղթայի օղակներից մեկն է»:

«Եվրոպան եւ մենք» հոդվածը, որի հեղինակը, իրավապահների պնդմամբ, վիրավորել է Մոհամեդ մարգարեին, «Սենեթ» թերթում հրապարակվել էր նոյեմբերի 1-ին:

Անցած շաբաթ Բաքվի արվարձաններից մեկում տեղի ունեցած չարտոնված բողոքի ցույցի մասնակիցները մահվան էին դատապարտել հրապարակման հեղինակին:

Երկրում, մինչդեռ, շարունակվում է տպագիր 6 լրատվամիջոցների ղեկավարների` նոյեմբերի 9-ին սկսված հացադուլը` ի նշան բողոքի ընդդեմ խոսքի ազատության աճող ճնշումների:

Այս շաբաթ ավելի վաղ տարածած հայտարարությամբ ԵԱՀԿ-ն քննադատել է Ադրբեջանի իշխանություններին՝ լրատվամիջոցների վրա ճնշումներ բանեցնելու համար:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG