Մատչելիության հղումներ

Մեթյու Բրայզա. «Համանախագահները հետեւողականորեն կաշխատեն կողմերին խաղաղությանը մոտեցնելու համար»


ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան հայտարարել է, որ համանախագահները հետեւողականորեն կշարունակեն աշխատել ղարաբաղյան հակամարտության կողմերին խաղաղությանը մոտեցնելու ուղղությամբ՝ անկախ Հայաստանում եւ Ադրբեջանում ներքաղաքական իրավիճակից:

«Մենք արդեն մատնանշել ենք Հայաստանում եւ Ադրբեջանում 2007 եւ 2008 թվականների ընտրությունները որպես պատճառ, թե ինչու 2006 թվականը իդեալական «հնարավորությունների պատուհան» է երկու երկրների միջեւ խաղաղ համաձայնությունը ավարտին հասցնելու համար», - ասել է Բրայզան ադրբեջանական «Թրենդ» գործակալության հարցազրույցում՝ հավելելով. - «Կան, իհարկե, շատ այլ պատճառներ եւս հակամարտության խաղաղ լուծումը շուտափույթ ընդունելու համար»:

Ամերիկացի համանախագահն ընդգծել է, որ Հայաստանում եւ Ադրբեջանում անցկացվելիք ընտրությունները, իրոք, կարող են ազդել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարների վրա:

«Մենք հուսով ենք, որ ազդեցությունը դրական կլինի, եւ երկու երկրների ժողովուրդները կհավաստիացնեն իրենց առաջնորդներին եւ իշխանության թեկնածուներին, որ իրենց հասարակայնությունը ողջունում է խաղաղությանը, կայունությանը եւ բարգավաճմանը մոտենալու ջանքերը», - ամփոփել է Մեթյու Բրայզան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG