Մատչելիության հղումներ

Հայ փաստաբանը վստահ է, որ Նարեկ Քոչարյանի սպանությունը սքինհեդների ձեռքի գործն է


Անցած հանգստյան օրերին Մոսկվայի մարզի Իվանտեեւկա ավանի մոտ տեղի ունեցած սպանությունը, որին զոհ է գնացել 15-ամյա Նարեկ Քոչարյանը, միանշականորեն, սքինհեդների ձեռքի գործն է` համոզված է Ռուսաստանի հայերի միության շահերը ներկայացնող փաստաբան Սիմոն Ծատուրյանը:

Փաստաբանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ Նարեկ Քոչարյանին խեղդամահ են արել. - «Ըստ մեզ, դա առանձնակի դաժանությամբ կատարված հանցագործություն է, անշուշտ, խմբակային ձեւով եւ ազգամիջյան հողի վրա, քանի որ դեպքի վայրում հայտնաբերել են շարֆ, որի վրա եղել են ֆաշիստական սիմվոլներ` գանգ, ոսկորներ, նշաններ ու տառեր»:

Մոսկվայի մարզի դատախազությունը, սակայն, քրեական գործ է հարուցել միանգամայն այլ հոդվածով:

«Մենք՝ համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ, եղել ենք դատախազությունում եւ տարակուսանք հայտնել, որ քրեական գործը հարուցվել է «անզգուշությամբ մարմնական ծանր վնասվածք պատճառելու համար, որը մահվան պատճառ է դարձել», - հայտնեց Սիմոն Ծատուրյանը՝ ընդգծելով. - «Դրան ոչ մի դեպքում չի կարելի համաձայնել»:

Նա ասաց, որ իրենք այցելել են նաեւ Անվտանգության ծառայության տեղի մասնաճյուղ` խնդրելով հետաքննությունը հատուկ հսկողության տակ վերցնել: «Արդեն որերորդ անգամն է՝ միլիցիայի նկատմամբ վստահություն չենք կարող ունենալ», - այդ քայլն այսպես բացատրեց հայազգի փաստաբանը:

Հարցին, թե ո՞րն է պատճառը, որ չնայած դեպքը տեղի է ունեցել անցած շաբաթ օրը, լրատվամիջոցները դրա մանրամասներին տեղեկացել են գրեթե 4 օր հետո, Ծատուրյանը պատասխանեց. - «Պաշտոնական տեսակետից սա ներկայացվել է որպես սովորական, դասական սպանություն՝ հենց այդ նպատակով, որ դեպքը արձագանք չգտնի: Բայց այնքան արտահայտիչ, այնքան ցայտուն են գործի հանգամանքները, որ, ըստ երեւույթին, կան մարդիկ, որոնք խուսափում են կամ վախենում, որ այդ սպանությունը ներկայացվի այնպես, ինչպես եղել է»:

Սպանված հայ պատանու ընտանիքը Ռուսաստան է տեղախոխվել 90-ականներին՝ Հայաստանի Մասիսի շրջանից:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG