Մատչելիության հղումներ

logo-print

Ռուսաստանում գործում է 150 երիտասարդական ծայրահեղական խմբավորում


Ռուսաստանի ներքին գործերի նախարար Ռաշիդ Նուրղալիեւն այսօր հայտնել է, որ իր ղեկավարած գերատեսչության կանխարգելիչ վերահսկողության տակ է գտնվում շուրջ 150 երիտասարդական ծայրահեղական խմբավորում՝ ընդհանուր թվով մոտ 10 հազար մարդ: Այդ խմբավորումներից 8-ը իրական սպառնալիք են ներկայացնում հասարակական անվտանգությանը:

«Ինտերֆաքս» գործակալության փոխանցմամբ, Նուրղալիեւն ասել է, որ ծայրահեղական խմբավորումները ամենատարբեր բնույթի են՝ «սկսած ֆուտբոլային երկրպագուներից մինչեւ ծայրահեղ ձախակողմյան լավ կազմակերպված կազմավորումները, որոնք ունեն գաղափարական սեկտորներ, ինֆորմացիոն խմբեր եւ մարտական ջոկատներ»:

Ռուսաստանի ներքին գործերի նախարարը կոչ է արել խստացնել պատիժը ծայրահեղականություն սերմանելու եւ արմատական խմբեր կազմավորելու համար:

Ռուսաստանի գերագույն դատարանի նախագահ Վյաչեսլավ Լեբեդեւը, իր հերթին, հայտնել է, որ 2005-2006 թվականներին ռուսաստանյան դատարանները քննել են ազգային թշնամանքի բորբոքմանն ուղղված գործողությունների վերաբերյալ 58 քրեական գործ:

Ըստ Լեբեդեւի, ազգային, ռասայական, սեռային եւ կրոնական հողի վրա թշնամանք բորբոքելու հատկանիշներով դատարաններն անցյալ տարի քննել են 40 գործ, որոնցից 10-ը՝ խմբի կազմում կամ բռնության գործադրմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ: Այս տարի քննվել է նման 18 գործ:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, նա վստահեցրել է, որ նման հանցագործությունների համար պատիժը բավական խիստ է. - «Մեղադրյալների 36 տոկոսը դատապարտվել է ազատազրկման, իսկ «ծայրահեղական կազմակերպությունում մասնակցության» հոդվածով՝ 87,5 տոկոսը»:

Գերագույն դատարանի նախագահը հայտնել է, որ այս տարի դատարանները 4 վճիռ են կայացրել ծայրահեղական կազմակերպությունների վերացման եւ դրանց գործունեության արգելքի վերաբերյալ: Բացի այդ, Գերագույն դատարանը վճիռ է կայացրել 17 կազմակերպություններ ահաբեկչական ճանաչելու եւ դրանց գործունեությունն արգելելու մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG